Վառելափայտը ոչ թե չկա, այլ փայտագողերը կան ու վաճառում են 1 խմ-ը 30000 դրամ՝ նախկին 10-11000-ի փոխարեն. Սոֆյա Հովսեփան
«Գյուղատնտեսությունը կառավարության աջակցության կարիքն ունի և նախորդիվ տրվող սուբսիդիաները՝ դիզվառելիք, պարարտանյութ և այլն, քանի որ չեն տալիս, մեծ բեռ են ավելացրել գյուղատնտեսությամբ զբաղվող անձանց վրա»,- այս մասին գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն՝ իր մտահոգությունները հայտնելով գյուղոլորտի խնդիրների վերաբերյալ։
Նա, մասնավորապես, գրել է.
«Այսօր Շիրակի մարզի Առափի գյուղում Ղափամայի փառատոնն էր: Մինչև հասցրեցի գնալ, արդեն հյուրերը եկել, հյուրասիրվել, իրենց սիրուն օրը անցկացրել ու գնացել էին: Բայց հանդիպեցի բնակիչների հետ ու երկար խոսեցինք գյուղացիների առջև ծառացած խնդիրներից, որոնք միայն իրենցը չէին, այլ բոլորինն են: Հարցերը շատ էին, բայց փորձեմ ներկայացնել այս պահին ամենակարևորները.
1.Բերքահավաքն արվել է , սակայն իրացման տեղ չկա, կամ չկա գնային կանոնակարգում, որի արդյունքում ինքնարժեքից էժան են ծախում, որ գոնե վարկերը փակեն: Հիմնական բնամթերքն էր ` գազար, կարտոֆիլ, կաղամբ, կտավատ, բազուկ:
2.Գյուղացիները ջեռուցման խնդիր ունեն , քանի որ գյուղի մեծ մասը գազաֆիկացված չէ , չնայած, որ Գյումրիից 2 կմ է հեռու: Չնայած այս խնդիրը ունեն շատ գյուղեր, իսկ վառելափայտը ոչ թե չկա, այլ փայտագողերը կան ու վաճառում են 1 խմ-ը 30000 դրամ, նախկին 10-11000-ի փոխարեն։
3.ՊՆ տեղական մթերքը մթերում է միջնորդավորված, որի արդյունքում գյուղացին կարտոֆիլը վաճառում է տենդերը շահած կազմակերպությանն առավելագույնը 40-60 դրամ, բայց հարց է, թե ՊՆ այդ կարտոֆիլը որքանով է առնում այդ կազմակերպությունից: Դա կպարզեմ շուտով:
4 . Գյուղատնտեսությունը կառավարության աջակցության կարիքն ունի և նախորդիվ տրվող սուբսիդիաները՝ դիզվառելիք, պարարտանյութ և այլն, քանի որ չեն տալիս, մեծ բեռ են ավելացրել գյուղատնտեսությամբ զբաղվող անձանց վրա:
5.Գյուղացին ունի մթերման ենթակա անասուններ, բայց մթերքը չկա:
Հարցերն իրականում բազմազան էին և բազմաբնույթ, բայց այն որ մարդիկ տարեցտարի գյուղատնտեսությունից հեռանում են իրացման շուկա չունենալու պատճառով սա մեծ խնդիր է, քանզի հիմնական ներդրումները վարկային են:
6.Շատ գյուղերում էլ կարկտահարությունից հետո ընդհանրապես բերք չկա և որևէ փոխհատուցման հույս չկար և վարկերը կրկին ուսերին:
Վարկային բեռն էլ գյուղացուց անպակաս, անբարեխիղճ վարկային կազմակերպություններն էլ գյուղացու կողքին «աջակցող»:
Բարի կիրակի բոլորիս, հուսանք խնդիրները կհաղթահարվեն»: