«Ստացվում է՝ դուք ինձ ստեցի՞ք», «Այո». Աղվան Հովսեփյանի գործով վկայի հակասական ցուցմունքը դատարանում
ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան վարդանյանի գործով դատական նիստում հրապարակվեցին վկաներից մեկի ցուցմունքները, որը եղել է «Զանգեզուր էքսիմպ» ընկերությունում որպես մենեջեր։
Այնտեղ նշվում է, որ ընկերության Տնօրեն Արշավիր Սարգսյանը պարբերաբար իրեն առձեռն գումարներ է տվել, որն ինքը փոխանցել է տարբեր մարդկանց, այդ թվում Աղվան Հովսեփյանի որդուն՝ Նարեկ Հովսեփյանին։
Նշվել է, որ ինքը Արշավիր Սարգսյանից լսել է, որ վերջինիս բիզնեսի հետ առնչություն ունի նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։
«Արշավիրն ուներ մի քանի ընկերություններ, որոնք զբաղվում էին փոքր ՀԷԿ–երի կառուցման ու շահագործման աշխատանքներում։ Ըստ Արշավիրի խոսքերի՝ Աղվան Հովսեփյանը Բյուրականում առանձնատուն էր կառուցում և այդ առանձնատան շինարարական աշխատանքների համար «Զանգեզուր Էքսիմպ» ընկերության միջոցներից ձեռք էին բերում տարբեր տեսակի շինանյութեր։ Շատ էր լինում, որ Արշավիրը ինձ մոտ կանխիկ գումար էր թողնում և ասում էր, որ Բյուրականի շինարարական աշխատանքների համար այդ գումարը կգան կվերցնեն։ Ենթադրում եմ որ այդ փոխանցվող գումարները Արշավիրի հետ Աղվան Հովսեփյանի ունեցած համատեղ բիզնեսից ստացված եկամուտի նրա մասնաբաժինն էր, որն էլ Արշավիրը կանխիկ կամ ընկերության միջոցով փոխանցում էր»,–ասված է ցուցմունքում՝ նշելով, որ այդ գումարները հասնում էին մի քանի միլիոն դրամի, մեկ անգամ այն եղել է 10 մլն դրամ։
Ցուցմունքն ընթերցելուց հետո, վկային հարց ուղղվեց, թե արդյոք համաձայն է հրապարակված ցուցմունքի հետ, արդյոք այդ ամենն իր ցուցմունքն է, ինչին վկան դրական պատասխան տվեց, միաժամանակ նշելով, որ իրեն ուղղորդող (նավադյաշչի) հարցեր է տվել քննիչը։
Երբ Աղվան Հովսեփյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը հարց ուղղեց, թե ինքը «ուղղորդող» բառ օգտագործել է, վկան սկզբում ասաց՝ ոչ, սխալ եք լսել։ Իսկ երբ իմացավ, որ նիստը ձայնագրվում է, խոստովանեց, որ նման բառ ասել է։
Պաշտպանը հարց ուղղեց. «Դուք քիչ առաջ ասեցիք «նավադյաշի հարց»։ Ես ձեզ հարց տվեցի՝ դուք նման բան ասե՞լ եք, թե՞ ոչ, դուք ժպտալով ասեցիք՝ ոչ։ Այնուհետև, երբ որ շեշտվեց, որ նիստը ձայնագրվում է, և դատարանը նույն հարցն ուղղեց, դուք ասեցիք՝ այո։ Այսինքն ստացվում է, որ իմ կողմից հնչեցրած հարցի ժամանակ ստե՞լ եք, ինձ ստեցի՞ք»։
Վկան դրական պատասխան տվեց, որ ստել է՝ չկարողանալով բացատրել, թե ինչու է ստել։
Էրիկ Ալեքսանյանը շարունակեց. «Էսդ գործի հետ կապված էլ ե՞ք էականը և ոչ էականը տարբերակում սուտ ասելով, կամ ոչ սուտ ասելով։ Իսկ ինչո՞ւ պետք է մենք հավատանք։ Դուք քիչ առաջ դուք ստեցիք։ Հիմա ես ո՞նց հասկանամ՝ ո՞ր պահին եք դուք մեզ ճիշտ ասել, ո՞ր պահին՝ ստեք»։
Վկան նշեց, որ ինքը այն իմաստով չի ասել այդ բառը, որ իմաստով պաշտպանն է հասկացել, դրա համար է ասել, թե նման բան չի ասել։
Մանրամասները՝ տեսանյութում.


