Ոստիկանությունն, իսկապես պետք է փոխվի. վարչապետը շնորհավորեց ոստիկաններին տոնի կապակցությամբ
Կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց Ոստիկանության տոնի առթիվ շնորհավորանքով:
Նշենք, որ սպրիլի 16-ին Հայաստանում նշում են Ոստիկանության աշխատողի օրը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանին և ոստիկանության ողջ անձնակազմին։ Նա կոչ արեց բոլորին ծափերով ողջունել ոստիկանությանը:
«Ոստիկանությունը ցանկացած պետության, ինչպես նաև մեր պետության իրավակարգի պահպանության կարևորագույն ինստիտուտներից մեկն է և, իհարկե, նրա որակյալ աշխատանքից է կախված երկրում մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության, ընդհուպ մինչև տնտեսական և քաղաքական ազատությունների պահպանման և կիրառելիության մակարդակը: Պետք է խոստովանել, որ ՀՀ-ում ոստիկանության և հանրության հարաբերությունները պարզ չեն եղել, ունեցել են բազմաթիվ բարդություններ, նույնիսկ ճգնաժամեր, և այսօր մեր մեծագույն խնդիրն է հաստատել լիարժեք փոխվստահություն, լիարժեք վստահություն ոստիկանության աշխատանքի նկատմամբ: Դա մեր օրակարգի կարևորագույն խնդիրներից է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ երկար ժամանակ քննարկում են ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և արդեն ապրիլի 1-ից պետք է սկսեին գործողություններ այդ ուղղությամբ, բայց համաճարակը որոշակի սրբագրումներ մտցրեց։ Այնուամենայնիվ, ըստ վարչապետի, ոստիկանության բարեփոխումները շարունակվում են մնալ օրակարգի կարևոր առաջնահերթություններից մեկը:
«Այդ օրակարգում երկու կարևոր հենասյուն կա. առաջինը հանրության լիարժեք վստահությունը ոստիկանության նկատմամբ, և երկրորդը՝ ոստիկանության աշխատանքի արդյունավետությունը: Նաև կարևոր է այս համատեքստում ոստիկանության իմիջի բարեփոխումը: Ոստիկանությունն, իսկապես պետք է փոխվի և պետք է փոխվի այնպես, որ համապատասխանի այսօրվա Հայաստանի պահանջներին և այն հավակնություններին, որ այսօր եր պետությունն ու ժողովուրդը ձևակերպում է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց նաև, որ կարանտինային պայմանների բերումով միջոցառումներն անցկացվելու են հնարավորինս սահմանափակ շրջանակներում, իսկ բաց թողնվածը կլրացվի հաջորդ տարի, երբ արդեն նաև տեսանելի փոփոխություններ արված կլինեն:
Այնուհետև Նիկոլ Փաշինյանի առաջարկով ներկաները հոտընկայս մեկ րոպե լռությամբ հարգեցին այն ոստիկանների հիշատակը, ովքեր զոհվել են ՀՀ օրենքը, իրավակարգը, իրավունքը պաշտպանելիս:


