երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկա»-ի նախկին տնօրենը կասկածվում է մի շարք չարաշահումների և աշխատակիցների աշխատավարձերը թերի վճարելու մեջ

«Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկա»-ի նախկին տնօրենը կասկածվում է մի շարք չարաշահումների և աշխատակիցների աշխատավարձերը թերի վճարելու մեջ

Մարտի 20-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Բազումի բաժնում օպերատիվ  տեղեկություններ են ստացվել, որ «Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի նախկին տնօրեն, Լոռու մարզի բնակիչ 56-ամյա Արտուշ Թադևոսյանը իր պաշտոնավարման ընթացքում կատարել է մի շարք չարաշահումներ և յուրացումներ, ինչի արդյունքում տևական ժամանակ պոլիկլինիկայի աշխատակիցները աշխատավարձ չեն ստացել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ ստացված օպերատիվ տեղեկությունների Ա. Թադևոսյանը յուրացրել է նաև պոլիկլինիկայի համար հատկացված վառելիքը:

Ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները համագործակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության իրենց գործընկերների հետ , համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հաշվապահը հանդիսանում է Լոռու մարզի բնակիչ 60-ամյա Ռուզաննա Քառյանը, իսկ թերի աշխատավարձ ստացած աշխատակիցները հանդիսանում են Լոռու մարզի բնակիչներ, 37-ամյա Կ․ Մ-ն, ով աշխատում է  համաբուժարանում՝ թաղամասային թերապևտ և 57-ամյա Ա․ Չ-ն, ով աշխատում է համաբուժարանում՝ թաղամասային թերապևտ։

 Ձեռնարկված միջոցառումների և տարված բացատրական աշխատանքների արդյունքում պարզվել է որ Կ. Մ-ն  2021թ. դեկտեմբերի 13-ից աշխատում է վերը նշված համաբուժարանում և ամսական ստացել է 320.հազար դրամ աշխատավարձ, սակայն 2024թ. հունվար ամսից աշխատավարձը ստացել է թերի մոտ 174 հազար դրամի չափով, իսկ Ա. Չ-ն 1994թ. նոյեմբերի 24-ից աշխատում է վերը նշված համաբուժարանում և ամսական ստացել է 240 հազար դրամ աշխատավարձ, սակայն վերջին ամիսներին ստացել է աշխատավարձ մոտ 98.000 դրամի չափով:

Աշխատավարձերի քիչ լինելու վերաբերյալ հաշվապահ Ռ.Քառյանը և պոլիկլինիկայի ղեկավարությունը պատճառաբանել են, որ քաղաքաշինության նախարարության կողմից ստուգումների հետևանքով բյուջետային միջոցների վրա դրվել են կալանքներ: 

Ռ. Քառյանը հայտարարել է նաև, որ աշխատավարձների թերի վճարելու վերաբերյալ տեղյակ են եղել նախկին տնօրեն՝ Ա.Թադևոսյանը և ներկայիս տնօրեն, 31-ամյա Դավիթ Ղարագոզյանը:

Դեպքի փաստով ոստիկանության Բազումի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվելէ  քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկվում են միջոցառումներ թերի աշխատավարձ ստացած մյուս բուժաշխատողների ինքնությունները պարզելու, նրանց հայտնաբերոլու ուղղությամբ:

  • Կիսվել: