կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Վախեր չկան եւ չեն կարող լինել»․ Տիգրան Ավինյանը՝ օլիգարխներին պատկանող սրճարանները ապամոնտաժելու մասին

«Վախեր չկան եւ չեն կարող լինել»․ Տիգրան Ավինյանը՝ օլիգարխներին պատկանող սրճարանները ապամոնտաժելու մասին

Օղակաձեւ այգու տարբեր հատվածներում պարբերաբար տարբեր հին սրճարաններ են ապամոնտաժվել, տարբեր կառույցներ են քանդվել, եւ այդ գործընթացը շարունակական է․ վախեր չկան եւ չեն կարող լինել, եթե հարցը վերաբերում է Երեւանին եւ երեւանցիների շահերին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք վախեր կան, որոնք խանգարում են  ապամոնտաժել Օղակաձեւ այգու այն սրճարանները, որոնք կապված են որոշ օլիգարխների անունների հետ:

Քաղաքապետի խոսքով, օղակաձեւ այգու սրճարանների ապամոնտաժման նախագիծն իրագործվելու է, անկախ նրանից, թե ում են դրանք պատկանում:

Անդրադառնալով նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ հարաբերություններին, եւ այն դեպքին, երբ վերջինիս թույլ չէին տվել մասնակցել ավագանու նիստին, որտեղ քննարկվում էր հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցը, Տիգրան Ավինյանն ասաց, որ առանձնահատուկ վերաբերմունք չի ցուցաբերում ոչ մեկի նկատմամբ, եւ գործող կանոններին պետք է ենթարկվեն բոլորը՝ անգամ արտոնյալները:

Անդրադառնալով մայրաքաղաքում հորդառատ անձրեւի հետեւանքով առաջացած «լճակներին»՝ Ավինյանն ասաց․ «Հիմնական խնդիրը, որ ունենք այսօր, քաղաքի որոշ հատվածներում կոյուղիների վթարներն են: «Վեոլիա ջուր» ընկերության հետ համատեղ ուժերով մենք վերականգնում  ենք այդ վթարները»։

Լրագրողի ճշտող հարցին՝ արդյո՞ք կան այժմ Հայաստանում արտոնյալներ, քաղաքապետն այդ հարցին չպատասխանեց եւ մտավ ՔՊ գրասենյակ՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման։

  • Կիսվել: