շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վահագն Խաչատուրյանը կարևորել է ՍԴ-ի և նախագահական ինստիտուտի սերտ համագործակցությունը

Վահագն Խաչատուրյանը կարևորել է ՍԴ-ի և նախագահական ինստիտուտի սերտ համագործակցությունը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանին:

Ողջունելով հյուրին՝ նախագահը նշել է, որ կարևորում է Սահմանադրական դատարանի և նախագահական ինստիտուտի սերտ համագործակցությունը, որի գլխավոր նպատակը երկրում Սահմանադրության և սահմանադրականության երաշխավորումն է:

«Կարծում եմ՝ Սահմանադրական դատարանի և նախագահականի կարևորագույն գործառույթը կայանում է նրանում, որ կարողանանք հետևել, թե Սահմանադրությունն ինչքանով է Հայաստանի Հանրապետությունում աշխատում, պահպանվում: Ցանկանում եմ այդ թեմայի շուրջ մեր խոսակցությունը տանել, որպեսզի հետագայում ևս մենք կարողանանք կողմնորոշվել, թե որտեղ թերություններ ունենք, որտեղ կարող ենք ավելի արդյունավետ դարձնել և, ամենակարևորը՝ համատեղ անել դա: Ցանկանում եմ այդ առումով Ձեր կարծիքը ևս իմանալ»,- ասել է Վահագն Խաչատուրյանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Արման Դիլանյանը շեշտել է, որ նախագահի առաջնային կոչումը Սահմանադրության պահպանությանը հետևելն է. «Իմ կարծիքով՝ դա մեր Սահմանադրությամբ նախագահի ինստիտուտի ամենակարևոր գործառույթն է: Այսինքն, երբ մենք ընթերցում ենք Սահմանադրությունը, հենց ամենասկզբի հոդվածն է նախագահի ինստիտուտի վերաբերյալ, ըստ որի նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը: Դա հռչակագրային չէ, այն շատ կոնկրետ լիազորություններ է ենթադրում: Հենց նախագահի ինստիտուտն է, որ կարող է լիարժեք վեր հանել համապետական խնդիրները՝ օբյեկտիվ դիտանկյունից այդ խնդիրները վերլուծելով և ներկայացնելով այդ թվում նաև Սահմանադրական դատարան»,- նշել է ՍԴ նախագահը:

Հանդիպման ընթացքում Արման Դիլանյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել Սահմանադրական դատարանում ընթացող բարեփոխումները և առաջիկա միջոցառումների ծրագրերը: Զրույցի ընթացքում երկուստեք շեշտվել է, որ նախագահական ինստիտուտի և Բարձր դատարանի սերտ համագործակցությունը և երկու սահմանադրական մարմինների օրակարգերի ներդաշնակությունը երաշխավորում են երկրում պետական մարմինների բնականոն ու անխափան գործունեությունը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հասարակական, կրթական և այլ ոլորտներում Սահմանադրական դատարանի գործունեության վերաբերյալ իրազեկումների, քաղաքացիների մոտ ՍԴ գործառույթների վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանը:

Քննարկվել են նաև դատաիրավական համակարգում կադրերի պատրաստման ու վերապատրաստման, կադրային համալրման գործընթացի և սկզբունքների վերաբերյալ մի շարք հարցեր:

  • Կիսվել: