Վաղվանից բոլոր բուժաշխատողներին, այլ վիրուսային հիվանդություններ ունեցողներին պարտադիր կթեստավորենք. վարչապետ
Վաղվանից պետք է ստեղծենք օրական 1000 թեստ անելու հնարավորություն: Այսoր կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ առաջին փուլում հնարավոր է, որ այդ թեստերի թիվը 1000-ի չհասնի։
«Մենք քննարկումների արդունքում եկանք եզրահանգման, որ պետք է ցուցում լինի, առանց դրա թեստավորումը կլինի ժամանակի և ռեսուրսի անիմաստ կորուստ: Վաղվանից, մենք բոլոր բուժաշխատողներին, թոքաբորբով, այլ վիրուսային հիվանդություններ ունեցող քաղաքացիներին պարտադիր կթեստավորենք»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ իրավիճակին տիրապետում են ու պարզ է, թե ինչ է կատարվում:
Նա նաև նշեց, որ երեկ իրականացրել են 236 թեստ, որից դրական է 28-ը, սա նշանակում է, որ շարունակում են պահպանել շաբաթվա սկզբում արձանագրված զգուշավոր լավատեսությունը, մանավանդ, որ նոր բուժվածների թիվը 24 է:
Վարչաետը պարզաբանեց, թե ինչպես է ստացվել, որ այսօր պաշտոնապես հայտարարվել է կորոնավիրուսով վարակված 40 նոր դեպքի մասին, իսկ ինքը նշեց 28 թիվը։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի հետ կապված ամբողջ տեղեկատվությունը ինտեգրել են, թվային համակարգ են ստեղծել, որտեղ օնլայն ռեժիմով թարմացվում են տվյալները, և ճշգրտումների արդյունքում հայտնաբերել են 12 անճշտություն։ «Եւ մեկ անգամ դա կստուգենք և պետք է արձանագրենք, որ վարակի մեկնարկից ի վեր՝ Հայաստանում արձանագրվել է 921 դեպք։ Առանց այդ 12-ի հաշվառման կլիներ 909 դեպք»,- հայտարարեց վարչապետը։
Նրա խոսքով՝ այդ անճշտությունները հիմնականում կապված են հիվանդներին այլ հիվանդանոց տեղափոխելու, հիվանդանոցից դուրս գրվելու և դեռևս որևէ բուժհիմնարկում դե յուրե չգրանցվելու, դրական ախտորոշումը չգրանցելու հետ։
«Իհարկե սա մեծ բան չի փոխում մեր աշխատանքի մեջ, բայց մեր աշխատանքի թափանցիկությանը հավատարիմ մնալով՝ եթե այսպիսի անճշտություններ լինում են, ապա ժամանակ առ ժամանակ կուղղենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։


