Ուսուցիչների մոտ կորոնավիրուսի դրական դեպքերը կազմում են մոտ 1.5 տոկոս
Վերջին շրջանում կորոնավիրուսի դեպքերն աճում են, ինչը պայմանավորված է նրանով, որ բնակչությունը զգոնությունը թուլացրել է, բացի այդ, սահմանափակումները վերացել են։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը:
Նրա խոսքով, թվում է, թե արդեն կարելի է վերադառնալ նախկին կյանքին, բայց համավարակը շարունակվում է ամբողջ աշխարհում, բացի այդ, արդեն օդակաթիլային վարակման սեզոնն է, և բնական է, որ կորոնավիրուսային հիվանդության վարակման թվերը պետք է ավելանային։
Անդրադառնալով ուսուցիչների թեստավորմանը, Լուսինե Պարոնյանն ասաց, որ սեպտեմբերի 7-ից սկսվել է ուսուցիչների և դպրոցների անձնակազմի թեստավորումը և, նկատի ունենալով դրանց մեծ ծավալը, հնարավոր չի եղել ամբողջ գործընթացը միանգամից անել:
Այս պահին, ըստ նրա, թեստավորվել են դպրոցական անձնակազմի կեսից ավելին և հոկտեմբերի առաջին տասնօրյակում կավարտեն թեստավորման գործընթացը:
Ընդհանուր առմամբ, ինչպես նշեց մասնագետը, ուսուցիչների մոտ հայտնաբերված դրական դեպքերը կազմում են մոտ 1.5 տոկոս .«Անգամ 1.5 տոկոսի հայտնաբերումը էականորեն կանխարգելում է վարակի տարածումը: Բոլոր հայտնաբերվածները հիմնականում առանց ախտանիշի են եղել։ Այսինքն՝ նրանք տեղյակ չէին, որ վարակակիր են, և դրանով կանխվել են դպրոցներից վարակը տուն տանելու և մեծահասակներին վարակելու դեպքերը»։
Հարցին, թե գրանցվել են դեպքեր, երբ այդ թեստավորումների ժամանակ դրական արդյունք ստացած ուսուցիչները իրենց միջոցներով կրկնակի վճարովի թեստավորում են անցել և նրանց մոտ եղել են բացասական արդյունքներ, բայց դրանից հետո էլ գնացել են մեկուսացման, Լուսինե Պարոնյանն ասաց, որ ԱՀԿ-ի կողմից Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիան անցել է որակի արտաքին հսկողություն և կույր պատվաստուկների հետազոտման միջոցով 100%-անոց ճշգրտության արդյունք է տվել։
«Սա նշանակում է, որ մեր լաբորատոր կարողությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և ԱՀԿ-ն, այլ երկրների ցանկում հրապարակել է նաև Հայաստանի անունը, որոնք անցել են որակի գնահատումը»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է դպրոցահասակներին, Լուսինե Պարոնյանն ասաց, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում 6-17 տարեկան երեխաների տարիքային խմբում, կորոնավիրուսով վարակվածության աճ չի նկատվում:
«Եթե համեմատում ենք սեպտեմբերի առաջին կեսի ցուցանիշը երկրորդ կեսի տվյալների հետ, ապա տեսնում ենք, որ դպրոցականների շրջանում ոչ միայն կորոնավիուսով վարակվածության աճ չի եղել, ընդհակառակը, նվազել է: Ամեն դեպքում, դեռ վաղ է եզրահանգումներ անելը, դեռ պետք է որոշ ժամանակ սպասենք։ Ամեն դեպքում վարակվածության թվերի աճը կապված չէ դպրոցների բացման հետ»,- ընդգծեց Լուսինե Պարոնյանը:


