կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
«Ուսանողի տուն»՝ Երևանում

«Ուսանողի տուն»՝ Երևանում

Մի խումբ երիտասարդների նախաձեռնությամբ Երևանում իրականացվում է «Ուսանողի տուն» ծրագիրը, որը հնարավորություն կտա մարզերից եկած ուսանողներին սիմվոլիկ վարձի դիմաց բնակվել մայրաքաղաքում և ներգրավվել ակտիվ հասարակական կյանքում։

Ծրագրի համահեղինակ Մհեր Մկրտչյանն այսօր լրագրողներին ներկայացնելով մանրամասներ ծրագրից, ասաց, որ Նոր Նորքում տեղակայված «Ուսանողի տունն» ապահովված կլինի ննջարաններով, խոհանոցով, գրադարանով, տեխնիկական միջոցներով։

Նրա խոսքով՝ սիմվոլիկ անդամավճարի դիմաց այդտեղ կարող են բանկվել 50 ուսանող։

Մհեր Մկրտչյանը հայտնեց, որ ներկայումս ընթանում են «Ուսանողի տան» շինարարական աշխատանքները, սակայն այն ունի ֆինանսական աջակցության կարիք։ «Այժմ շենքի վերոնորոգման հարցում օգնում են ծրագրի հեղինակների ընկերներն ու ներդրողները, որոնք ուզում են գաղափարի իրականացման մասնիկը դառնալ»,- նշեց նա՝ հավելելով, որ առաջին այսպիսի տունը հավանաբար կսկսի գործել սեպտեմբերին։

Ծրագրի համահեղինակը միաժամանակ ասաց, որ սա շահույթ հետապնդող կազմակերպություն չէ, ու դժվար է ներդրողների մոտ հետաքրքրություն առաջացնել։ Հիմնականում ներդրում անում են նրանք, ովքեր ուզում են սատարել իրենց գաղափարին ու դառնալ «մեծ փոփոխության մասնիկ»։

  • Կիսվել: