Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող էր շարունակել հարվածները Իրանին Խամենեիի հուղարկավորության ժամանակ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մեկշաբաթյա հուղարկավորության ժամանակ Վաշինգտոնը, Թեհրանի խնդրանքով, համաձայնել է հարվածներ չհասցնել իրանական ղեկավարությանը, սակայն ավելի ուշ Իրանը, նրա խոսքով, վերսկսել է հրթիռային հարձակումները:
«Նրանք թայմ-աուտ խնդրեցին, նրանք ցանկանում էին անցկացնել Խամենեիի հուղարկավորությունը, և ես ասացի՝ տվեք նրանց այդ հնարավորությունը, իսկ նրանք սկսում են հրթիռներ արձակել»,- հայտարարել է Թրամփը Անկարայում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ: Միաժամանակ նա նշել է, որ Խամենեին սպանվել է պատերազմի առաջին օրը՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով՝ հավելելով. «Մենք իսկապես սպանեցինք նրան, դրա համար էլ, կարծում եմ, պետք է հարցին նայել հենց այդ տեսանկյունից»։շ
Թրամփը հայտնել է նաև, որ Իրանը խնդրել էր ԱՄՆ-ին սգո արարողությունների ժամանակ չսպանել երկրի ղեկավարության ներկայացուցիչներին, և Վաշինգտոնն, ըստ նրա, համաձայնել էր դրան:
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ դժգոհ է Իրանի գործողություններից՝ Թեհրանին մեղադրելով հակամարտության սրման մեջ: Ընդ որում, նա ընդգծել է, որ չի ձգտում Իրանում իշխանափոխության, սակայն չի ցանկանում, որ երկիրը միջուկային զենք ստանա:
Թրամփը նաև կասկած է հայտնել, որ Իրանի հետ հնարավոր ապագա համաձայնագիրը կպահպանվի: «Ես վստահ չեմ, որ այն կգործի, որովհետև նրանց շատ անազնիվ մարդիկ եմ համարում»,- ասել է նա:
Ըստ ԱՄՆ նախագահի՝ Վաշինգտոնի նպատակն է «Իրանի ապամիջուկայնացումը»: Նա հայտարարել է, որ դժգոհ է եղել իրանական բանակցային խմբի գործողություններից՝ նրանց մեղադրելով փակ բանակցությունների բովանդակության վերաբերյալ ստելու մեջ:
Թրամփը հավելել է, որ ԱՄՆ-ը կարող է հասնել այդ նպատակին նաև առանց նոր համաձայնագրի կնքման, քանի որ, իր կարծիքով, դա կարող է ավելի հեշտ լինել:



