շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ուկրաինայի հայ համայնքն ահռելի չիրացված ներուժ ունի. համայնքի նախագահ

Ուկրաինայի հայ համայնքն ահռելի չիրացված ներուժ ունի. համայնքի նախագահ

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ուկրաինա աշխատանքային այցի երկրորդ օրը սկսել է Ուկրաինայի հայ համայնքի նախագահ Վիլեն Շատվորյանի հետ հանդիպումով:

Նշենք, որ հանդիպմանը մասնակցել են նաև Միության մի շարք անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, տեղեկացնում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:

Գլխավոր հանձնակատարը ողջունել է ներկաներին և իր ուրախությունը հայտնել ծանոթության առթիվ: «Առաջին այցս է Ուկրաինա: Այստեղ հսկայածավալ հայ համայնք ունենք՝ մեծ ներուժով և հնարավորություններով, որը պետք է սերտ համագործակցության միջոցով հնարավորինս իրացնել և միասին աշխատել: Հայ համայնքն իրոք գործուն է, դինամիկ»,-նշել է Զարեհ Սինանյանը:

Վիլեն Շատվորյանը ներկայացրել է համայնքային կյանքը, միության գործունեությունն ու աշխատանքի ձևաչափը հայ համայնքի ներսում, ինչպես նաև կարևորել է հայերի դերակատարությունը հայ-ուկրաինական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում: «Այստեղ «ոսկի» երիտասարդություն ունենք՝ հետաքրքիր ու ակտիվ, նրանք ամբողջապես մասնակցում են համայնքային կյանքին, և  մենք էլ շահագրգռված ենք նպաստելու սերնդափոխությանը»,-նշել է միության ղեկավարը:

Նա հավելել է նաև, որ Ուկրաինայի բազմահազարանոց հայ համայնքն իրոք ահռելի չիրացված ներուժ ունի, և հանձնակատարի այս այցը նոր, ավելի սերտ համաբերությունների մեկնարկի խոսուն ազդակ է: «Պատրաստ ենք համագործակցության, պարզապես պետք է ճիշտ ձևաչափ մշակել: Համայնք իրոք համախմբված ու միասնական է, և մենք փորձում ենք առավելագույնս օգտակար լինել Հայաստանին»,-ընդգծել է Վիլեն Շատվորյանը:

Միության անդամները մանրամասնորեն ներկայացրել է ՈւՀՄ-ի աշխատանքը հայ համայնքում, կառուցվածքը, բաժանմունքները, միության ներսում գործող երիտասարդական, մշակութային և այլ շրջանակները:

Հանդիպման ավարտին Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կարևորել է միության գործունեությունը և սերտ աշխատանքի ու մշտական հետադարձ կապի հույս հայտնել:

  • Կիսվել: