հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Թուրքերը ցանկանում են վերանորոգել Չունգուշի (Դիարբեքիր) Սուրբ Մարիամ Աստվածածին վանքը՝ զբոսաշրջության նպատակով

Թուրքերը ցանկանում են վերանորոգել Չունգուշի (Դիարբեքիր) Սուրբ Մարիամ Աստվածածին վանքը՝ զբոսաշրջության նպատակով

Թուրքական տեղական իշխանությունները ցանկություն են հայտնել վերանորոգել Դիարբեքիր նահանգի Չունգուշ (Չընքուշ) գավառի Սուրբ Մարիամ Աստվածածին հայ կաթոլիկ եկեղեցին։ Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդում է թուրքական «Անադոլու» պետական լրատվական գործակալությունը։

Աղբյուրի համաձայն՝ Չունգուշի քաղաքապետ Ալի Սուաթ Աքմեշեն «Անադոլու» գործակալության թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ վանքից միայն եկեղեցու հատվածն է մեր օրեր հասել։

Նա նաև նշել է, որ Չունգուշի քաղաքապետարանը պատրաստ է ամեն բան անել՝ սույն պատմական կառույցը վերստին կանգուն դարձնելու համար, և որ այս հարցը քննարկվել է զբոսաշրջությունը կարևորող Դիարբեքիրի նահանգապետ Մյունիր Քարալօղլուի հետ։ Աքմեշեն նաև ընդգծել է, որ վանքի վերանորոգումը տնտեսապես օգտակար կլինի տեղի բնակիչներին։

Դիջլեի համալսարանի Գրականության ֆակուլտետի պատմության ամբիոնի դասախոս, դոկտոր Օքթայ Բոզանն էլ գործակալության թղթակցին տեղեկություններ է հաղորդել այս գավառի պատմության վերաբերյալ և հայտնել, որ ըստ պատմական արձանագրությունների՝ վանքը վերանորոգվել է 1841 թ․, օսմանյան սուլթան Աբդուլ Մեջիդի օրոք։ Օքթայ Բոզանը նշել է նաև, որ Չունգուշը և շրջակա բնակավայրերը հայերի վարչական կենտրոններից են եղել։

  • Կիսվել: