Թուրքական ավիաընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է դեպի Իրան թռիչքները
Թուրքական Pegasus Airlines ավիաընկերությունը կորոնավիրուսի հնարավոր տարածումից խուսափելու նպատակով ժամանակավորապես դադարեցրել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) հետ օդային հաղորդակցությունը: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:
Ավիաընկերության հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Իրանում կորոնավիրուսի տարածման պատճառով, Pegasus ավիաընկերությունը մինչև մարտի 11-ը դադարեցնում է Ստամբուլ- Թեհրան և Թեհրան-Ստամբուլ ամենօրյա չվերթները»:
Նշվում է, որ այս պահից սկսած մինչև մարտի 11-ի չվերթների համար վճարված բոլոր ավիատոմսերի գումարները փոխհատուցվելու են:


