Ծնողների հետ պետք է աշխատել և պահանջել, որ երեխայի անառողջ լինելու թեթև կասկածի դեպքում դպրոց չտանեն․ Մանկաբույժ
Եթե հակահամաճարակային կանոնները դպրոցներում պահպանվեն և պատասխանատու մարմինները գործեն համակարգված, ապա համաճարակի նոր բռնկում տեղի չի ունենա, InfoPort.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց մանկաբույժ Մարի Դարակչյանը։
Նշենք, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ այսօր հրապարակած ուղեցույցի համաձայն, առաջին դասարանցիների համար դասերը կմեկնարկեն դեպտեմբերի 14-ից, իսկ մյուս դեպքերում՝ սեպտեմբերի 15-ից։ Ըստ նույն ուղեցույցի դպրոցներում և անձնակազմը, և դպրոցականները պետք է կրեն անհատական պաշտպանիչ դիմակներ։ Բացի այդ, դպրոցները ապահովվելու են մաշկային հականեխիչ ու ախտահանիչ նյութերով, ինչպես նաև անձեռոցիկներով՝ մեկ շաբաթվա պահուստով։
Ինչ վերաբերում է երեխաների դիմակներ կրելուն, մասնագետն ասում է, որ միջազգային ուղեցույցներում դրանք ցուցված են երկու տարեկանից բարձր երեխաների համար, հետևաբար ավելի բարձր տարիքի երեխաների համար դա խնդիր չի լինի։
Նրա խոսքով, հնարավոր է վարակի մասսայականացում լինի, քանի որ երեխաներն այն թիրախային խումբն են, որոնք կարող են վիրուսը շրջանառել ու լինել վարակի տարածողներ դեպի իրենց ընտանիքներ։ Բացի այդ, ըստ մասնագետի, նրանք այն խումբն են, երբ վստահություն չկա՝ արդյոք հակահամաճարակային կանոնները միանշանակ և անվերապահորեն կպահպանվե՞ն, թե՞ ոչ։
Մյուս կողմից, երեխաների սոցիալականացման ու կրթության հարցը կա։ «Պետք է մոնիթորինգ իրականացվի, խիստ պահանջներ պետք է ներկայացվեն, և ստուգումներ արվեն հենց դպրոցի մուտքի մոտ, դիմակների կրումը պետք է խստագույնս պահպանվի, ձեռքերի ախտահանումը պետք է պարբերական լինի, մաքուր ջուրն ու օճառը պետք է մշտապես լինեն դպրոցներում։ Բացի այդ, ծնողների հետ պետք է աշխատանք իրականացվի և պահանջվի, որ ամենաթույլ կասկածի դեպքում, եթե երեխան վատառողջ է, թույլ չտրվի ուղարկել դպրոց», - հավելում է նա։


