ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Ծեծի ենթարկված փոխգնդապետի վիճակը կայունացել է

Ծեծի ենթարկված փոխգնդապետի վիճակը կայունացել է

Մոտ 9 ամիս ծեծի հետեւանքով կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակը կայունացել է: Այս մասին NEWS.am-ին ասաց Արա Մխիթարյանի եղբայրը` Կարեն Մխիթարյանը:

«2-3 օր է, ինչ վիճակը կայունացել է, ճնշումը նորմալացել: Բժիշկներն այժմ խորհուրդ չեն տալիս այս վիճակով տուն տեղափոխել, քանի որ վտանգավոր է»,- ասաց նա:

Մարտի 6-ին, Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանին ազատ արձակելու՝ փաստաբանի ներկայացրած միջնորդությունը եւ մեղադրյալը 1 միլիոն 500 հազար դրամ գրավով ազատ էր արձակվել։ Արա Մխիթարյանը 8 ամսից ավելի է` կոմայի մեջ է։

Այս գործով մեղադրանք է առաջադրվել Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին, մեղադրյալի կարգավիճակում է նաեւ նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը։ Միջադեպից մեկ շաբաթ անց Վայոց Ձորի մարզպետի պաշտոնից հրաժարական էր տվել Տրդատ Սարգսյանը, որը, ըստ շրջանառվող տեղեկությունների եւ որոշ վկայությունների՝ դեպքի վայրում է եղել։

Այդ վկայությունները տվել են դեպքին ականատես 4 սպաները, որոնք ասել են, որ նախկին մարզպետը եղել է դեպքի վայրում եւ հետեւել է միջադեպին` չկանխելով այն: ՔԿ-ն ժխտել էր այս հանգամանքը՝ հայտնելով, որ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը 2019թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել:

  • Կիսվել: