երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ կայունացում ունենք. Անահիտ Ավանեսյան

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ կայունացում ունենք. Անահիտ Ավանեսյան

Սյունիքի մարզի Տեղ գյուղում ադրբեջանական սադրանքի հետեւանքով վիրավորում ստացած ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ կայունացում ունենք: Այս մասին այսօր Կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նա հայտնեց, որ մյուս վիրավոր զինծառայողների մոտ նույնպես կա որոշակի դրական տեղաշարժ:

«Մնացածի առումով եւս կա դրական տեղաշարժ: Ովքեր որ գտնվում են Սիսիանում, բավարար է վիճակը, որեւէ խնդիր չունենք: Այցելել եմ նրանց, շուտափույթ ապաքինում եմ նրանց մաղթել և հետաքրքրվել եմ նրանց առողջական վիճակի մասին»,- հավելեց նախարարը։

Նախարարը փոխանցեց նաև, որ զինվորական կացարանի հրդեհի հետևանքով այվածքներ ստացած և բուժում ստացող զինվորների վիճակը ևս բավարար է, նրանք երկարատև բուժման ընթացքի մեջ են։

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ քովիդի չարաշահումների գործով իրեն հարցաքննե՞լ են, թե՞ ոչ, Ավանեսյանը բացասական պատասխան տվեց։

Հիշեցնենք, որ Տեղ համայնքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետեւանքով զոհվել է 4 զինծառայող, վիրավորում ստացել՝ վեցը: Վիրավորում ստացած զինծառայողներից երեքի վիճակը բավարար է, մյուս երեքինը՝ միջին ծանրության, ծանր եւ ծայրահեղ։ Վիրավորներից չորսը Երեւանում են, մյուս երկուսը՝ Սիսանում։

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վիրավորը պայմանագրային զինծառայող է։ Վիրավորում ստացածների մեջ է նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը:

  • Կիսվել: