երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հիվանդանոցային օղակը ՀՀ-ում բավական զարգացած է և մեզ մոտ, թե՛ բարդության, թե՛ ծավալի առումով շատ առաջատար պոտենցիալ ծառայություններ են մատուցվում. Անահիտ Ավանեսյան

Հիվանդանոցային օղակը ՀՀ-ում բավական զարգացած է և մեզ մոտ, թե՛ բարդության, թե՛ ծավալի առումով շատ առաջատար պոտենցիալ ծառայություններ են մատուցվում. Անահիտ Ավանեսյան

Եթե առողջապահական համակարգի ռեսուրսները չուղղվեն առողջ հասարակություն ձևավորելուն, կանխարգելելուն և վաղ հայտնաբերելուն, որևէ երկրի բյուջեի ֆինանսական միջոցները չեն բավարարելու ապահովել անընդհատ աճող ծախսերը:

ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկման ժամանակ ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը նշեց, որ ապահովագրական համակարգն առավելապես դիտարկում են որպես ամբողջ տրամաբանությունը փոխելու համակարգային փոփոխություն. «Շատ կարևոր է ուղին գծել, թե ինչպես պետք է մարդը ստանա իր բժշկական ծառայությունները, դա կվերաբերվի կանխարգելմանը, վաղ հայտնաբերմանը, թե հետո բուժմանը: Ապահովագրական համակարգը հենց խրախուսում է և իր տրամաբանությունը նրանում է, որ հնարավորինս քիչ մարդիկ հիվանդանան, որ հետո քիչ մարդկանց համար ծախս կրի հիմնադրամը: Վերջին տարիներին էլ անընդհատ ավելացնում ենք կանխարգելմանն ուղղված ծախսերը:

2022 թվականին արդեն նոր ծրագիր ենք մեկնարկել կոլորեկտալ քաղցկեղի, ապահովագրական համակարգում այս կանխարգելիչ միջոցառումների մասնակից լինելը և տարեկան հետազոտման մասնակից լինելը պարտադիր կոմպոնենտ է լինելու, որպեսզի մենք իսկապես ազդենք առողջության ցուցանիշների վրա և մեր ֆինանսական միջոցները բարելավենք: Որպեսզի զարգանա կանխարգելման և վաղ հայտնաբերման հատվածը, մենք պետք է ունենանք զարգացած առողջության առաջնային օղակ, սա շատ սկզբունքային հարց է:

Ինչու ենք մենք փուլային տարբերակը ներդնելու, որովհետև այս պահին մեր օբյեկտիվ գնահատականն է, որ հիվանդանոցային օղակը ՀՀ-ում բավական զարգացած է և մեզ մոտ թե՛ բարդության, թե՛ ծավալի առումով շատ առաջատար պոտենցիալ ծառայություններ են մատուցվում, բայց առաջնային օղակն իսկապես ներդրման, վերափոխման և վերաիմաստավորման կարիք ունի: Պետությունն ուղիղ միջոցներ է սկսել հատկացնել առաջնային օղակին՝ դա թողնելով ոչ միայն Երևան քաղաքի, կամ  համայնքային, մարզային իշխանությունների բյուջեների վրա, այլ հասկանալով դրանց կարևորությունը, պետական բյուջեից ուղիղ միջոցներ են հատկացվելու, որպեսզի մենք երեք տարվա մեջ վերափոխենք մեր ամբողջ առաջնային օղակը: Այստեղ ոչ միայն ենթակառուցվածքներն են կարևոր, այլ նաև դերի բարձրացումն է կարևոր և մասնագետների վերապատրատումը»:

  • Կիսվել: