Ծառուկյանը յուրօրինակ խորհուրդ է տվել Գեյջիին Թոփուրիայի դեմ սպասվող մենամարտից առաջ
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը յուրօրինակ խորհուրդ է տվել ամերիկացի Ջասթին Գեյջիին՝ մինչև 70 կգ քաշային կարգում UFC-ի անպարտելի չեմպիոն, 29-ամյա Իլիա Թոփուրիայի դեմ սպասվող մենամարտից առաջ:
«Ի՞նչ խորհուրդ կտայի Ջասթին Գեյջիին Թոփուրիայի դեմ մենամարտից առաջ։ Ես նրան խորհուրդ կտայի նախապատրաստական փուլում վնասվածք ստանալ, որպեսզի ինձ հնարավորություն տա փոխարինել իրեն այդ մենամարտում և նվաճել տիտղոսը։ Իսկ հետո արդեն թող նա մենամարտի ինձ հետ»,- Ծառուկյանի խոսքերը մեջբերում է Red Corner MMA յութուբյան ալիքը։
Նշենք, որ Իլիա Թոփուրիա — Ջասթին Գեյջի տիտղոսային դիմակայությունը կլինի UFC Freedom 250 հոբելյանական միջոցառման գլխավոր մենամարտը: Այս բացառիկ մրցաշարը նախատեսված է անցկացնել հունիսի 14-ին՝ Վաշինգտոնում, ԱՄՆ նախագահի նստավայրի՝ Սպիտակ տան հարակից տարածքում։
Ավելի վաղ Ծառուկյանը հաստատել էր, որ UFC-ի ղեկավարությունից տիտղոսային մենամարտի բանավոր երաշխիք է ստացել։ Ըստ նախնական պայմանավորվածության՝ հայ մարտիկը չեմպիոնական գոտին պետք է վիճարկի հենց Թոփուրիա — Գեյջի զույգի հաղթողի հետ:
Սակայն, ինչպես երևում է Արմանի հայտարարությունից, նա պատրաստ է ավելի շուտ մտնել օկտագոն, եթե հունիսի 14-ին կայանալիք գլխավոր մենամարտի մասնակիցներից որևէ մեկը չկարողանա հանդես գալ։


