Ծանուցվել եմ, որ փետրվարի 18-ից այլևս չպետք է աշխատեմ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում. Արման Գրիգորյան
Տեղեկացնում եմ բոլորիդ, որ ծանուցվել եմ, որ սույն թվականի փետրվարի 18-ից այլևս չպետք է աշխատեմ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, քանի որ որոշում է կայացվել լուծարել իմ զբաղեցրած հաստիքը։ Այս մասին բժիշկ Արման Գրիգորյանը գրել է սոցկայքի իր էջում.
«Հարգելի պացիենտներ, կոլեգաներ և ընկերներ,
Տեղեկացնում եմ բոլորիդ, որ ծանուցվել եմ, որ սույն թվականի փետրվարի 18-ից այլևս չպետք է աշխատեմ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, քանի որ որոշում է կայացվել լուծարել իմ զբաղեցրած հաստիքը։ Թե ով է որոշել, ինչու, ինչ տրամաբանությամբ, թերևս որպես բժիշկ ինձ համար մնաց անհասկանալի ու անընդունելի։
Անհասկանալի է ու անընդունելի, քանի որ կյանքիս ուղիղ կեսը՝ 20 տարուց ավել, աշխատում եմ որպես բժիշկ, որից 10 տարին՝ բաժանմունքի ղեկավար և բացի մարդկանց բժշկելու իմ առաքելությունից ու կոչումից այլ խաղեր չեմ հասկացել ու չեմ ընդունել։
2018 թվականից սկսած բժշկական կենտրոնում կան «մերոնքականներ» և «ձերոնքականներ» կամ ինչպես ընդունված է ասել՝ «սևեր» և «սպիտակներ»:
Փաստացի, ես ընդգրկվեցի «սևերի» ցանկում և 2019 թվականի սեպտեմբերի 7-ին նորաստեղծ տնօրենների խորհուրդը որոշում կայացրեց իմ հաստիքը լուծարելու մասին, որի մասին ես տեղեկացա 2019 թվականի դեկտեմբերի 18-ին:
Չեմ կարող ասել, որ որոշումը ինձ համար անսպասելի էր, քանի որ նոր ղեկավարության հետ համատեղ աշխատանքի ընթացքում, ինձ բազում անգամ «հիշեցրել» են նախորդ տնօրենին պաշտպանելու փաստը (ինչի համար չեմ զղջում և կարծում եմ, որ ցանկացած բուժաշխատողի ոլորտային ներդրումը պետք է լինի գնահատված, ուստի նման երևույթի ականատես լինելուն պես պատրաստ եմ նույն քայլին), ինչպես նաև բազում անգամ «առաջարկել» են գործարք՝ իմ կրտսեր եղբոր «լռության» արժեքով պահպանել իմ աշխատատեղը: Չնայած այն փաստին, որ ժողովրդավար երկրում, իշխանության եկած ուժը՝ իշխանության պատասխանատվությունը ստանձնելու պահից հանդիսանում է ԲՈԼՈՐԻ (անկախ քաղաքական հայացքներից) կառավարությունը, ես, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իմ առօրյայում դա չեմ զգացել:
Եվ վերջում ամենակարևորի մասին, 20 տարի պատվով ու հպարտությամբ կրել եմ սպիտակ խալաթ,դա իմ կոչումն է և առաքելությունը, ասեմ ավելին մնալու եմ իմ կոչմանը հավատարիմ և շարունակելու եմ իմ աշխատանքը՝արժանապատիվ ու հպարտ։
Ես համոզված եմ, որ յուրաքանչյուր ոք պետք է զբաղվի իր մասնագիտական գործունեությամբ, ուստի երկրում տեղի ունեցող ցանկացած փոփոխության արդյունավետությունը, մարդը պետք է զգա իր սեփական աշխատանքային միջավայրում:
Այս գրառումը կատարեցի, որպեսզի տեղեկացնեմ Ձեզ, որ փոխում եմ իմ աշխատավայրը և հավելյալ կհայտնեմ բոլորիդ իմ նոր աշխատատեղի վերաբերյալ»,- գրել է նա: