հինգշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2022
«Ծաղկահովիտի առողջության կենտրոն» ՓԲԸ-ի մատուցած ծառայությունները ոչնչով չեն զիջում քաղաքի բկ-ներին. Տնօրեն

«Ծաղկահովիտի առողջության կենտրոն» ՓԲԸ-ի մատուցած ծառայությունները ոչնչով չեն զիջում քաղաքի բկ-ներին. Տնօրեն

«Առողջապահություն» խորագրի ներքո Infoport.am-ը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել մարզային բժշկական կենտրոնները` ներկայացնելով հանրությանը նրանց առաջարկած ծառայությունները, առավելությունները, ապագա անելիքները: Մարզային այցերի շրջանակներում պարզ դարձավ, որ մարզային  բուժկենտրոնները հաճախ իրենց տեխնիկական հագեցվածությամբ և մատուցվող բուժծառայությունների որակով գրեթե չեն զիջում մարզկենտրոններում կամ խոշոր քաղաքներում գործող բուժհաստատություններին:   

Այդպիսի բկ-ների թվին է դասվում Արագածոտնի մարզի «Ծաղկահովիտի առողջության կենտրոն» ՓԲԸ-ն, որի հաջողությունների հետեւում կանգնած է  2017թ-ի նոյեմբերից  մինչ օրս ԲԿ-ն ղեկավարող Արմեն Հակոբյանը: Նրա ամենօրյա ջանքերի ու նվիրվածության շնորհիվ բկ-ն ոչ միայն զարգանում է տեխնիկապես և որակապես, այլեւ վերջին երեք տարիների ընթացքում զգալիորեն բարելավել է բուժհաստատության ֆինանսական վիճակը, ինչը մարզային  ԲԿ-երի պարագայում հազվադեպ երևույթ է:

«Բավականին դժվար էր ստանձնել այնպիսի կազմակերպության ղեկավարումը: ԲԿ-ն ուներ նախկին տարիներից կուտակված բավականին մեծ ֆինանսական պարտքեր ոչ միայն գործընկերներին՝ այլ նաև աշխատակցներին: Սակայն  տարիների ընթացքում ամեն ինչ շտկվեց և ի տարբերություն նախորդ տարիների վերջին տարիներին  ընկերությունը հաստատուն քայլերով առանց ֆինանսական պակասորդների գնում է առաջ: Ամբողջությամբ վերանորոգվել են շտապ օգնության, ընդունարանի  և պոլիկլինիկայի աշխատասենյակներն ու միջանցքները, ինչը թույլ է տալիս ազգաբնակչությանը ավելի լավ պայմաններում որակյալ բուժօգնություն ցուցաբերել»,- մեզ հետ զրույցում անդրադառնալով կատարված աշխատանքին, պատմեց ԲԿ-ի ղեկավար Արմեն Հակոբյանը:

Հակոբյանի  ղեկավարած տարիներին ձեռք են բերվել նոր սարքավորումներ  ակնաբուժական կաբինետի համար: Շտապ օգնությունը համալրվել է նոր, ավելի հարմարավետ մեքենաներով: ԲԿ-ում  աշխատանքի են ընդունվել այնպիսի նեղ մասնագետներ (ներզատաբան, ակնաբույժ, ճառագայթաբան, սրտաբան...), որոնց հաստիքները երկար ժամանակ թափուր են եղել: Հիմա բնակիչներն այլևս  ստիպված չեն լինում նեղ մասանագիտական կոնսուլտացիաների համար մեկնել Երևանում գործող բժշկական կազմակերպություններ:

ԲԿ-ում այսօր գործում են հետևյալ ծառայությունները` Շտապ և անհետաձգելի բուժօգնություն, ներքին բժշկական (ընդհանուր թերապևտիկ), մանկաբուժական ընդհանուր պոլիկլինիկա: Առկա է թերապևտիկ ստոմատոլոգիական ծառայություն, ընդհանուր վիրաբուժական ծառայություն: Գործում է վարակիչ հիվանդությունների կանխարգելման ծառայությունը: ԲԿ-ում առկա է ժամանակակից լաբորատոր ախտորոշիչ կենտրոն: Նորամուծությունների թվին է պատկանում ֆունկցիոնալ-ճառագայթային ախտորոշիչ ծառայությունը: 

Կան իմունականխարգելիչ, սրտաբանական, նյարդաբանական, ներզատաբանական ծառայություններ: Գործում են քիթ-կոկորդ-ականջաբանական և ակնաբանական կաբինետը: Մատուցվում են այնպիսի նեղ մասնագիտական, համայնքային ԲԿ-երում հազվադեպ մատուցվող ծառայություններ, ինչպիսիք են` տուբերկուլոզային, ուռուցքաբանական, մաշկավեներաբանական կաբինետները: Կենտրոնում կա նաև հոգեբուժական ծառայություն:

Ինչպես տեսնում եք նման բազմապրոֆիլ և նեղ մասնագիտացած ծառայություններով հագեցած բուժհաստատություններ նույնիսկ մարզային խոշոր կենտրոններում առկա չեն հաճախ:

Սակայն սա դեռ ամենը չէ... Արմեն Հակոբյանը համայնքի բնակիչների համար լավ նորություն ունի. «2021թ-ից սկսվել է նոր առողջության կենտրոնի շինարարական աշխատանքները: 2023թ-ի աշնանը ԲԿ-ն կունենա բոլորովին նոր ժամանակակից առողջության կենտրոն՝ բոլոր անհրաժեշտ ծառայություններով ժամանակակից տեխնիկայով: Ի դեպ բոլոր ծախսերը իրականացվում են պետական միջոցներով»:

Ամփոփելով զրույցը` տնօրենը հատուկ ընդգծում է նաեւ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի, մարզպետ Սերգեյ Մովսիսյանի առանձնահատուկ վերաբերմունքը առողջապահության ոլորտի նկատմամբ. «Չկա մի հարց ԲԿ-ին առնչվող, որը կարող է անպատասխան մնալ մարզային իշխանությունների կողմից, սա եւս նպաստում է մեր կենտրոնի ամենօրյա զարգացմանը»:

 

 

  • Կիսվել: