հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ՏԿԵՆ տեղակալն ու ԱԶԲ գլխավոր տնօրենն անդրադարձել են մի շարք ճանապարհաշինական առաջնահերթ ծրագրերի

ՏԿԵՆ տեղակալն ու ԱԶԲ գլխավոր տնօրենն անդրադարձել են մի շարք ճանապարհաշինական առաջնահերթ ծրագրերի

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:

Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ կարևորելով հատկապես ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ԱԶԲ-ի հետ ռազմավարական գործընկերությունը, ծրագրերն ու նախագծերը։

​Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք ճանապարհաշինական առաջնահերթ ծրագրերի, այդ թվում՝ Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան–Քաջարան հատվածի շինարարական աշխատանքներին, Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման, ինչպես նաև Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման ծրագրերին, որոնք ունեն ռազմավարական նշանակություն երկրի տրանսպորտային կապերի զարգացման և երթևեկության ավելացող հոսքերի սպասարկման տեսանկյունից։

​Քրիստինե Ղալեչյանը ներկայացրել է նաև թունելների ու ճանապարհների անվտանգության բարձրացմանը և կլիմայի հարմարվողականությանն ուղղված ուսումնասիրություններն ու ծրագրերը՝ ընդգծելով գործընկերների տեխնիկական աջակցության և փորձագետների ներգրավման կարևորությունը։

Կողմերն ընդգծել են, որ նշված ծրագրերի իրականացումը կնպաստի Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացմանը, տնտեսական զարգացմանը և տարածաշրջանային հաղորդակցությունների ընդլայնմանը։

  • Կիսվել: