ուրբաթ, հունիս 7
7 / 6 / 2024
Տեղի է ունեցել քննարկում՝ գորշ արջերի՝ բնակիչներին ու նրանց տնտեսություններին սպառնացող վտանգները մեղմելու եղանակների հարցերի շուրջ

Տեղի է ունեցել քննարկում՝ գորշ արջերի՝ բնակիչներին ու նրանց տնտեսություններին սպառնացող վտանգները մեղմելու եղանակների հարցերի շուրջ

Մարդ-վայրի կենդանիներ կոնֆլիկտի համատեքստում այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում՝ վերջին շրջանում գորշ արջերի առնաձնյակների վարքի ուսումնասիրությունների և բնակիչներին ու նրանց տնտեսություններին սպառնացող վտանգները մեղմելու եղանակների հարցերի շուրջ։

ՇՄ նախարարության հաղորդմամբ՝ քննարկմանը մասնակցել են ներկայացուցիչներ շահագրգիռ գերատեսչություններից և ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպություններից։

Նախարարը գործընկերներին տեղեկացրել է, որ գորշ արջերի հարձակումների խնդիրը արդեն երկար ժամանակ է գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության համապատասխան մասնագետների ուշադրության կենտրոնում, կատարվում են կենդանիների վարքի ուսումնասիրություններ, տնտեսություններին հասցված վնասի հաշվարկներ, ուսումնասիրվում է նաև խնդրի լուծման միջազգային փորձը, առկա է տեղեկատվության ահռելի պաշար, որը արդեն թույլ կտա լուծումների ուղղությամբ քայլեր ձեռնարկել։

Նախարարն իր խոսքում հստակ ընգծել է, որ նախարարության համար անընդունելի է կենսաբազմազանությանը վնասող ցանկացած լուծում։

Շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը, խոսելով գորշ արջերի հարձակումների արեալներից, նշել է, որ հատկապես Վայոց ձորի մի քանի համայնքներում պարբերաբար նկատվում է նույն առանձնայկը, և որ լուծումների միջոցառումներում հատկապես այդ դեպքերը պետք է առաջնաին դիտարկվեն։

Հանդիպման ընթացքում որոշում է կայացվել ստեղծել մասնագիտական աշխատանքային խումբ, որն առաջկայում հանդես կգա լուծումների կոնկրետ առաջարկներով։

Նախարար Հակոբ Սիմիդյանը պատրաստակամություն է հայտնել այցելել համայնքներ և հարձակումների արդյունքում վնասների, պաշտպանական միջոցների և կենդանիների հետ համակեցության խնդիրների շուրջ զրուցել բնակիչների հետ։

 

  • Կիսվել: