երեքշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2024
Թբիլիսիի գրողների տանը կայացել է «Հայ գեներալներ և ադմիրալներ Վրաստանից» գրքի հայերեն և վրացերեն տարբերակների շնորհանդեսը

Թբիլիսիի գրողների տանը կայացել է «Հայ գեներալներ և ադմիրալներ Վրաստանից» գրքի հայերեն և վրացերեն տարբերակների շնորհանդեսը

Թբիլիսիի գրողների տանը կայացավ «Հայ գեներալներ և ադմիրալներ Վրաստանից» գրքի հայերեն և վրացերեն տարբերակների շնորհանդեսը։ Գրքի հեղինակներն են վրացի գնդապետներ Մամուկա Գոգիտիձեն, Գիա Նաիրաշվիլին, Մամուկա Սամխարաձեն, պատմության դոկտոր Գիրոգի Բեժիտաշվիլին, փոխնգդապետներ Մամիա Գոգոլաձեն, Դավիթ Մճեդլիձեն, գրում է aliq.ge-ն:

Բացելով միջոցառումը՝ գնդապետ Գոգիտիձեն կարևորեց Վրաստանի հայ գեներալների մասին պատմության հասանելիությունը նաև հայերենով, քանի որ մինչ այդ գիրքն առկա էր միայն վրացերեն և ռուսերեն լեզուներով։

Հեղինակները նշեցին, որ առանձնակի կարևոր է, որ հայ գեներալների մասին եզակի գիրքը հասնի երիտասարդ սերնդին, որպեսզի նրանք տեղեկացված լինեն երկրի ռազմական պատմության կարևոր դեմքերի մասին։ Գրքում զետեղված է 138 գործչի պատմություն։ Մամուկա Գոգիտիձեն նաև ընդգծեց գրքի՝ Հայաստանի Հանրապետությունում տարածելու անհրաժեշտությունը, որպեսզի տեղեկացվածությունը վրաստանցի ազգությամբ հայ նշանավոր ռազմական գործիչների մասին էլ ավելի ամրապնդվի։

Միջոցառմանը խոսքով հանդես եկած հեղինակները հույս հայտնեցին լսել գրքի վերաբերյալ ընթերցողների գնահատականը։

Վրաստանի Գրողների միության նախագահ Մաղվալա Գոնիաշվիլին իր ելույթում շեշտեց, որ այսօրինակ աշխատանքներն էլ ավելի են նպաստում Հայաստանի և Վրաստանի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը։

Ելույթ ունեցան նաև գիտական խմբագիր, ակադեմիկոս Նիկո Ջավախիշվիլին, ռազմական խորհրդական Թենգիզ Շուբլաձեն։

Վրացերենից հայերեն թարգմանության հեղինակը Գիսանե Հովսեփյանն է, իսկ հայերեն տեքստի խմբագիրը Մարինա Թորոսյանը։ Հովսեփյանը ելույթ ունենալով հավաքված հյուրերի առջև՝ նշեց․

«Վստահ եմ, որ գիրքն իր յուրահատուկ տեղը կունենա համապատասխան ոլորտում, արժանվույնս կգնահատվի։ Փառք և պատիվ բոլոր գեներալներին և ադմիրալներին, նրանք հավատարիմ էին իրենց գործին, չնայած նրան, թե որտեղ են ծառայել՝ լինի դա Վրաստանը, ԽՍՀՄ-ը, Ռուսաստանի Կայսրությունը, թե Հայաստանը»։

Ելույթ ունեցավ խմբագրական խորհրդի անդամ, Վրաստանի վաստակավոր լրագրող, «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայրբուրթը․ «Վրաստանը հպարտ է նման անձանցով, ովքեր սիրել են այս երկիրը, կապ չունի ինչ ազգի ներկայացուցիչ են, կարևորն իրենց ներդրումն են ունեցել Վրաստանի զարգացման, պաշտպանության գործում․․»։

Գրքի թարգմանության աշխատանքները համակարգվել են Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմում՝ թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Կիրակոս Եպիսկոպոս Դավթյանի օրհնությամբ, իսկ տպագրման աշխատանքներում նյութական աջակցություն է ցուցաբերել բարերար Ռաֆիկ Աղաջանյանը։

  • Կիսվել: