շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Տավուշի մարզում բախվել են Opel Astra-ն ու Mitsubishi Pajero-ն. վերջինս էլ տապալել է արագաչափն ու հայտնվել դաշտում. կան վիրավորներ

Տավուշի մարզում բախվել են Opel Astra-ն ու Mitsubishi Pajero-ն. վերջինս էլ տապալել է արագաչափն ու հայտնվել դաշտում. կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:   Ժամը 18:20-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 99 կմ հատվածում բախվել են Opel Astra և Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Դիլիջանի բժշկական կենտրոնի բժիշկները, տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն:   Բժիշկները մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին:  

Բախման հետևանքով Mitsubishi-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հարվածել ճանապարհին տեղադրված արագաչափ սարքին, տապալել այն և հայտնվել դաշտում:   Արագաչափը դարձել է ոչ պիտանի:  

Օպերատիվորեն ժամանել են ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Ավազյանի գլխավորությամբ:  

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արման Իսախանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:   Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Դիլիջանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Գևորգյանի գլխավորությամբ:  

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:   

  • Կիսվել: