Սյունիքի մարզում 36-ամյա վարորդը Mercedes-ով մոտ 120 մետր գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել է ձորում
Այսօր՝ օգոստոսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում, գրում է shamshyan.com-ը:
Ժամը 12:30-ի սահմաններում, Արծվանիկ գյուղի բնակիչ, 36-ամյա Նվեր Հովհաննիսյանը, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Արծվանիկ-Կապան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 120 մետր մի քանի պտույտ գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել ձորում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել է Աարտակարգ իրավիճակների Փրկարար-ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահե Կոստանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:


