Ռուսաստանը հրթիռներով և ավելի քան 200 ԱԹՍ-ներով գրոհել է Ուկրաինան
Խերսոնի ռազմական վարչակազմի ղեկավար Յարոսլավ Շանկոն հայտնել է, որ ռուսական բանակը հարվածել է քաղաքի Կորաբելնի շրջանին, հարվածի հետևանքով զոհվել է մեկ կին, տեղեկացնում է Current time-ը։
Շանկոն նաև հայտնել է, որ հարվածից հետո քաղաքում էլեկտրաէներգիայի անջատումներ են սկսվել։
Իր հերթին Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացրել է, որ Կիևի մարզում Բուչա շրջանի Չայկի գյուղի բնակելի շենքը ենթարկվել է հարձակման. վիրավորվել է 5 մարդ, այդ թվում՝ 3 երեխա:
Մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերն էլ հայտնել է, որ Օդեսայի մարզում մեկ անօդաչու թռչող սարք հարվածել է գյուղերից մեկի երկհարկանի բնակելի տան, կին է զոհվել, վնասվել են նաև ծխախոտի պահեստ և գլխավոր գազատարը, ինչը հանգեցրել է գազամատակարարման դադարեցման։
Դնեպրոպետրովսկի մարզային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան հայտնել է, որ ռուսական ուժերն անօդաչու թռչող սարքերով և հրետանիով ավելի քան 10 անգամ հարձակվել են մարզի երկու շրջանների վրա։ Տուժածներ չկան։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբից էլ տեղեկացրել են, որ հուլիսի լույս 22-ի գիշերը Ռուսաստանը հարձակվել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռով, երեք կառավարվող ավիացիոն հրթիռներով և 216 անօդաչու թռչող սարքերով, որոնցից 207-ը խոցվել են



