Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել
Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում եւ հարակից գյուղերում այսօր՝ հունիսի 6-ին մոտ 15-20 րոպե տեւողությամբ ուժեղ կարկուտ է տեղացել։ Կարկուտի չափն այնքան մեծ է եղել, որ ոչ միայն ցանքատարածություններն ու այգիներն են վնասվել, այլեւ ավտոմեքենաները։
Արմանիս բնակավայրի վարչական ղեկավար Սամվել Անտոնյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ կարկուտի հասցրած վնասը չափազանց մեծ է, այժմ վնասների չափերն են փորձում պարզել, որպեսզի ներկայացնեն մարզպետարան։
«Գյուղացիները սիմիդ ունեին, այգիներ, ցորենի ցանքատարածություններ այս տարի շատ կային, ամեն ինչ հողին է հավասարեցրել կարկուտը, ես քաղաքում էի, ինձ զանգեցին ասեցին հասի՝ մեքենադ կարկուտը ավիրեց, երեւի ձվի մեծությամբ կարկուտ է եկել։ Նույնիսկ արեւային ջրատաքացուցիչները, վնասները իրոք շատ մեծ են»,–հավելեց վարչական շրջանի ղեկավարը։
Կարկուտից մեծ վնասներ են կրել Ուրասար, Արմանիս գյուղերը, Ստեփանավան քաղաքը։




