Շուրջ 2000 քաղաքացու նկատմամբ կազմվել է իրավախախտման վերաբերյալ արձանագրություն. ոստիկանապետ
Երկու օր ռեյդեր են իրականացվել Դավիթաշեն, Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջաններում, այսօր ստուգայցեր են իրականացվել Կենտրոն վարչական շրջանում: ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանը կառավարությունում ճեպազրույցի ժամանակ ներկայացրեց համավարակի կանխարգելման շրջանակներում ոստիկանության ստուգայցերի արդյունքները:
«Ընդհանուր առմամբ այս ռեյդերի արդյունքներով Դավիթաշեն վարչական շրջանում վարչական պատասխանատվության է ենթարկվել 104 քաղաքացի, իսկ Նուբարաշեն և Նորք-Մարաշ վարչական շրջաններում՝ 124 քաղաքացի: Տեսչական մարմինների կողմից կասեցվել է 62 տնտեսավարող սուբյեկտի գործունեություն»,- տեղեկացրեց ոստիկանապետը:
Սարգսյանի խոսքով՝ վարչական շրջաններում ստուգայցերը ոչ թե մեկանգամյա բնույթ կունենան, այլ՝ պարբերաբար կկրկնվեն:
Հայաստանի Հանրապետության միջմարզային ճանապարհներին տեղադրվել են ուղեփակոցներ և անցակետեր, որոնք ոստիկանության ծառայողներին հնարավորություն են տալիս մշտադիտարկել տրանսպորտային միջոցները, որոնցով երթևեկում են քաղաքացիները՝ նշեց Սարգսյանը:
«Ոստիկանության ծառայողները ուսումնասիրում և մշտադիտարկում են իրականացնում հետևյալ ուղղություններով. քաղաքացիների մոտ դիմակի առկայություն բաց տարածքում, կանգառներում դիմակ կրելու հանգամանքի ստուգում, տաքսիների վարորդների դիմակի պարտադիր կրում ուղևորի ներկայության դեպքում և, տրանսպորտային միջոցը դիտարկելով որպես փակ տարածք՝ քաղաքացիների կողմից մեկից ավելի ուղևորի դեպքում դիմակի պարտադիր կրում: Վերջին օրերին իրականացված վարչարարության ընթացքում շուրջ 2 հազար քաղաքացու նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, և դրանք լինելու են շարունակական»,- վստահեցրեց Սարգսյանը:
Ոստիկանապետը հորդորեց զերծ մնալ հանգստյան օրերին արշավներ կամ զանգվածային միջոցառումներ կազմակերպելուց:


