չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՇՄ փոխնախարարը կորեական ընկերության ներկայացուցչի հետ քննարկել է Կադաստրի կոմիտեի տարածական տվյալների ստեղծման վերաբերյալ հարցեր

ՇՄ փոխնախարարը կորեական ընկերության ներկայացուցչի հետ քննարկել է Կադաստրի կոմիտեի տարածական տվյալների ստեղծման վերաբերյալ հարցեր

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը հանդիպում է ունեցել Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ Կադաստրի կոմիտեի ստանդարտացված տարածական տվյալների ազգային ենթակառուցվածքի ստեղծմանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանած կորեական «LX Korea» ընկերության մասնագիտական խմբի ղեկավար Ջոնգյուն Յունի հետ։
 
Ողջունելով պարոն Ջոնգյուն Յունին՝ նախարարի տեղակալը կարևորել է միջազգային համագործակցությունը շրջակա միջավայրի կառավարման ոլորտում և նշել, որ Շրջակա միջավայրի նախարարությունը մշտապես բաց է ցանկացած քննարկումների և համագործակցության համար, ինչը կարող է ավելի լավը դարձնել շրջակա միջավայրը։
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ինտեգրված կադաստրի ստեղծման աշխատանքներում Շրջակա միջավայրի նախարարության ներգրավվածության, թեմատիկ շերտերի ստեղծման և վարման, տվյալների հավաքագրման, միասնական ստանդարտների կիրառման հետ կապված հարցերը ինչպես նաև աշխարհատեղեկատվական համակարգի (GIS) ներդրման կարողությունների զարգացման և վերապատրաստումների հնարավորությունները։
 
Նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը կարևորել է հատկապես Կադաստրի կոմիտեի նախաձեռնած միասնական տվյալների ենթակառուցվածքի ստեղծման աշխատանքներում Հայաստանի Հանրապետությունում կորեական փորձի ներդրմանն ուղղված ջանքերը և նախարարության ու անձամբ իր անունից պատրաստակամություն հայտնել ակտիվ ներգրավվել գործընթացներին։
 
 
 
 
 

  • Կիսվել: