հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Շինարարությունը չպետք է անհարմարություն պատճառի Երևանի բնակիչներին. քաղաքապետ

Շինարարությունը չպետք է անհարմարություն պատճառի Երևանի բնակիչներին. քաղաքապետ

Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված սահմանափակումների մասամբ վերացումից հետո քաղաքապետարանի հերթական աշխատանքային խորհրդակցությանը կրկին մասնակցել են գործընկեր կառույցների ներկայացուցիչները:
 
Խոսելով օրակարգում ընդգրկված աշխատանքների ու ընթացիկ խնդիրների մասին՝ քաղաքապետ Հայկ Մարությանը մի շարք դիտարկումներ է ներկայացրել տարբեր ոլորտների վերաբերյալ:
 
Հաշվի առնելով արդեն իսկ նկատվող շինարարական աշխատանքների ակտիվությունը՝ քաղաքապետը Ճանապարհային ոստիկանության ուշադրությունն է հրավիրել շինհրապարակներից կեղտոտ անվադողերով դուրս եկող բեռնատարների, ինչպես նաև բաց թափքով շինանյութ տեղափոխող մեքենաների խնդրին:
 
«Շինարարությունը տնտեսության շարժիչ ուժն է, և քաղաքային իշխանությունն իր հերթին է խթանում ոլորտի զարգացումը: Սակայն ծավալուն շինարարությունը չպետք է անհարմարություն պատճառի քաղաքի բնակիչներին»,- ընդգծել է քաղաքապետը:
 
Անդրադառնալով տրանսպորտային բարեփոխումների ընթացքին՝ քաղաքապետ Մարությանն առանձնակի կարևորել է նաև հասարակական տրանսպորտի կանգառներում այլ տրանսպորտային միջոցների կայանումն արգելելու խնդիրը: Ձեռք բերված 100 ավտոբուսների առաջին խմբաքանակը հետզհետե համալրում է քաղաքային երթուղիները: Ի դեպ, համայնքի միջոցներով 161 հատ 8,5 մետրանոց ավտոբուսների ձեռքբերման մրցույթը ևս դրական ընթացք ունի։ Հաղթող կազմակերպության հետ պայմանագիրը նախատեսվում է կնքել առաջիկայում, որից հետո վեց ամսվա ընթացքում ավտոբուսները կմատակարարվեն։
 
Քաղաքապետը «Վեոլիա ջուր», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Գազպրոմ Արմենիա» ընկերություններին հորդորել է վթարավերականգնողական աշխատանքների ժամանակ տարածքներում տեղադրել անհրաժեշտ նշաններ, ինչպես նաև վթարը վերացնելուց հետո հսկողություն իրականացնել տարածքի բարեկարգման որակի ապահովման նկատմամբ:
 
Քաղաքապետին զեկուցվել է, որ 2020թ. ծրագրով նախատեսված շուրջ 500 նոր վերելակների տեղադրումն ավարտված է. դրանք հանձնվել են շահագործման:
 
Շրջիկ առևտրի կետերն արդեն այս տարվանից գործում են միայն քաղաքապետարանի թույլտվությամբ:
Պահանջը սահմանված է օրենքով, իսկ շրջիկ առևտրի համար հատուկ վայրերն ու չափորոշիչները՝ ավագանու որոշմամբ: Զեկուցվել է, որ քաղաքապետարանն արդեն իսկ տնտեսվարողներից գործունեություն ծավալելու դիմումներ է ստանում: Սահմանված պահանջներին համապատասխանող հայտերն ստանում են թույլտվություն:

  • Կիսվել: