Շարունակեք մենաշնորհել ամեն ինչը, պարոնայք, նաև բոլորիս պարծանք` բանակի հաղթանակները. Սամսոնյան
ԱԺ ԼՀ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Սարդարապատի հուշահամալիրում վարչապետի՝ Տավուշի հաղթական մարտերի հերոսներին պարգևատրելուն՝ գրելով, որ դա շատ ողջունելի է:
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Սարդարապատի հուշահամալիրում ՀՀ վարչապետը պարգևատրում է Տավուշի մարտերի ակտիվ դերակատարներին, ինչը անհրաժեշտ է և շատ ողջունելի:
Տավուշի մարտերի բոլոր և հատկապես ակտիվ դերակատարները փայլուն գործել են ոչ միայն հանուն Կառավարության կամ իշխանության, այլև բոլորիս կյանքի և անվտանգության համար: Հետևաբար այդ արարողության հպարտությունը պիտի կիսեին նաև խորհրդարանականները` ներկայացված բոլոր քաղաքական ուժերով:
Ոչ մի հրավեր չի եղել և այդ արհամարհանքը պառլամենտի պատիվը չէ, այլ Կառավարության գլուխն անցած իշխանության:
Շարունակեք մենաշնորհել երկրում ամեն ինչը պարոնայք, այդ թվում բոլորիս պարծանք` բանակի հաղթանակները:
Հ.Գ Եվ չպատմեք հեքիաթներ համաճարակով պայմանավորված իրավիճակի մասին: Գոնե խորհրդարանական խմբակցության ղեկավարները պիտի հրավեր ստանային;;:


