Քրիստոսի արձանը կտեղադրվի Հատիս լեռան գագաթին, շինթույլտվություններն արդեն կան. Տոնոյան
Հիսուս Քրիստոսի արձանը կկառուցվի Հատիս լեռան գագաթին, համապատասխան շինարարական թույլտվություններն արդեն տրված են։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հայտարարեց «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի` Հաղթանակի 80-ամյակին նվիրված նախագծերի համակարգող, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Հունվարին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել էր, որ արձանը Հատիս լեռան գագաթին հնարավոր է` չտեղադրվի, քանի որ լեռան վրա ամրոցի հետքեր են հայտնաբերվել և պեղումներ են ընթանում։
«Շինարարության թույլտվությունն արդեն տրված է, «Ծառուկյան» հիմնադրամի օգնությամբ իրականացված պեղումներն ավարտվել են։ Մեզ համար կարևոր էր նաև իմանալ, որ շինարարության ընթացքում ոչ մի պատմամշակութային ժառանգության վայր չի վնասվի», - ասաց Տոնոյանը։
Նա նշեց, որ փաստաթղթերի հետ կապված գործընթացը 99 %–ով արդեն ավարտված է, երբ լիովին ավարտվի, մեծ թափով մեկնարկելու են արձանի տեղադրման աշխատանքները։ Ըստ Տոնոյանի` Քրիստոսի արձանի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում։