ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Քրեակատարողական հիմնարկներում հիշատակվել է Սբ. Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը

Քրեակատարողական հիմնարկներում հիշատակվել է Սբ. Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը

Օգոստոսի 18-ին Հայ առաքելական եկեղեցին նշեց եկեղեցական տաղավար տոներից 4-րդը՝ Սբ. Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը կամ Խաղողօրհնեքը:
 
Ավանդույթի համաձայն՝ տոնը նշվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինների աշխատակիցների նախաձեռնությամբ և հոգևոր հայրերի մասնակցությամբ: Մասնավորապես՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում հիմնարկների հոգևոր առաջնորդ Ռուբեն վարդապետ Զարգարյանի, «Արթիկ» ՔԿՀ-ում քահանա Տեր Լևոն Հովհաննիսյանի, «Վանաձոր» ՔԿՀ-ում Գուգարաց թեմի հոգևոր սպասավոր քահանա Տեր Վահան Ազարյանի ձեռամբ և քահանայությամբ նշվել է Խաղողօրհնեքի տոնը՝ ծիսական արարողության և տերունական աղոթքի ուղեկցությամբ: Ավարտին օրհնված խաղողը բաժանվել է ազատազրկված անձանց:
 
Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկում ևս օրվա խորհրդով կազմակերպվել է միջոցառում: Մասնակից կալանավորված անձանց և դատապարտյալներին միջոցառման ընթացքում ներկայացվել է Մարիամ Աստվածածնի երկրային կյանքին նվիրված տեսանյութ, քննարկվել է տոնի խորհուրդը։
 
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում իրականացվող նմանատիպ միջոցառումները ոչ միայն ապահովում են ազատազրկված անձանց արդյունավետ զբաղվածությունը, այլ նաև հնարավորություն են տալիս կազմակերպիչ մասնագետներին ավելի մոտ լինել ազատազրկված անձանց, բացահայտել նրանց արժեհամակարգը, պահանջմունքները՝ վեր հանելով առկա հոգեբանական խնդիրները և ցուցաբերելով անհրաժեշտ օժանդակություն:

  • Կիսվել: