ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Քննարկվում է Հայաստանում ռուսական «ԷՐԱ-ԳԼՈՆԱՍ» համակարգի նմանակը ստեղծելու հարցը

Քննարկվում է Հայաստանում ռուսական «ԷՐԱ-ԳԼՈՆԱՍ» համակարգի նմանակը ստեղծելու հարցը

Նավիգացիայի ոլորտում «ԳԼՈՆԱՍ» ԲԸ-ի եւ Հայաստանի Հանրապետության համագործակցության հարցերը քննարկվել են Երեւանում ՌԴ Առեւտրային ներկայացուցչությունում հանդիպման ժամանակ, հայտնում է «Ինտերֆաքս-ԱՎՆ»-ն՝ վկայակոչելով ընկերության մամուլի ծառայությանը, փոխանցում է news.am-ը:

«Երկխոսության թեման էր նավիգացիայի ոլորտում Հայաստանի Հանրապետության հետ համագործակցության զարգացումը եւ այս պետության տարածքում Ռուսաստանում գործող «ԷՐԱ-ԳԼՈՆԱՍ» պետական ավտոմատացված տեղեկատվական համակարգի նմանակի ստեղծումը»,- նշված է այսօր տարածված հաղորդագրության մեջ:

Մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ Հայաստանում ՌԴ առեւտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է ռուս-հայկական գիտատեխնիկական խորհրդի ստեղծման մասին եւ նրա աշխատանքին մասնակցելու է հրավիրել «ԳԼՈՆԱՍ» ԲԸ-ին:

Նշվում է, որ խորհուրդը վերլուծելու է Հայաստանի տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների շուկան, որոնելու է նոր խորշեր ռուսական արտադրանքի եւ մշակումների խթանման համար, ինչպես նաեւ զբաղվելու է երկկողմ համագործակցության զարգացման հարցերով:

«ԳԼՈՆԱՍ» ԲԸ փորձագետներն իրենց հերթին հայտնել են Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների հետ փոխգործակցության մասին: Մասնավորապես՝ նշվել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ արդյունավետ երկխոսությունը, որը հայկական կողմից նախագծի համակարգողն է: Անցկացված բանակցությունների ժամանակ քննարկվել են համակարգի փուլային իրականացման հայեցակարգը, ենթակառուցվածքների կառուցման եւ ֆինանսավորման հարցերը, ինչպես նաեւ բարձր մակարդակի ճարտարապետության մշակումը:

«Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստանի Հանրապետությունում «ԷՐԱ-ԳԼՈՆԱՍ» պետական ավտոմատացված տեղեկատվական համակարգի նմանակի ստեղծման նախագծի շրջանակում ակտիվ փոխգործակցությունը շարունակելու շուրջ, ինչպես նաեւ մոտ հեռանկարում Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացուցիչների հետ թվային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման եւ մասնագիտացված ցուցահանդեսներին համատեղ մասնակցելու հարցերով խորհրդակցություն անցկացնելու շուրջ»,- տեղեկացնում են մամուլի ծառայությունից:

 

  • Կիսվել: