հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Քննարկվել են «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները

Քննարկվել են «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները

«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքն ուժի մեջ է մտել 2025 թվականի հունվարի 1-ից:  Օրենքի ընդունմամբ Կառավարությունը նախատեսում էր, որ պետական աջակցությունը տրվելու է միգրանտներ ներգրավված ընկերություններին: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հիշեցրել է, որ օրենքի ընդունման ժամանակ քննարկում է ծավալվել այն մասին՝ աջակցությունը տրվելու է ընկերությա՞նը, թե՞ միգրանտներին: Բանավեճի արդյունքում որոշում է կայացվել, որ օրենքի գործունեության առաջին տարում աջակցությունը պետք է ստանա ընկերությունը, իսկ հաջորդ տարի՝ 2026 թվականի հունվարի 1-ից՝ միգրանտները:

«Փորձը ցույց է տվել, որ միգրանտների կողմից աջակցություն ստանալը տեխնիկական առումով անիրագործելի է»,- ընդգծել է Բաբկեն Թունյանը և հավելել, որ իր հեղինակած նախաձեռնությամբ առաջարկվում է փոխել կարգավորումը՝ նախատեսելով, որ աջակցությունը կստանա միգրանտը, սակայն ընկերությունների միջոցով:

Օրենքի համաձայն՝ աջակցությունից կարող են օգտվել միայն ռեզիդենտ ընկերություները: Զեկուցողը փաստել է, որ իրենց դիմել են ընկերություններ, որոնք 20 տարուց ավելի Հայաստանում գործունեություն են ծավալում, հարկեր են վճարում, սակայն, ռեզիդենտ չլինելով, չեն օգտում արտոնությունից: Այս մասով եւս փոփոխություն է կատարվում և վերոնշյալ ընկերությունները նախաձեռնության ընդունումից հետո կկարողանան օգտվել պետական աջակցությունից:

Գիտահետազոտական աշխատանքներ կատարած ընկերությունների մասով կարգավորումը եւս փոխվում է: Բաբկեն Թունյանի տեղեկացմամբ այդ ընկերություններին տրամադրվելիք աջակցության չափը որոշվում է իրենց վճարած եկամտային հարկի չափով և քանի որ իրենց եկամտային հարկի դրույքաչափն ավելի ցածր է՝ 10 տոկոս, իրենք ավելի քիչ աջակցություն են ստանում: Նախաձեռնությամբ առաջարկվում է այդ ընկերությունների մասով 60 տոկոս աջակցության չափը հաշվել ոչ թե եկամտային հարկի նկատմամբ, այլ աշխատավարձային ֆոնդի 20 տոկոսի նկատմամբ:

Փաթեթում կատարվել են նաև այլ փոփոխություններ, որոնց անդրադարձել է Կառավարության ներկայացուցիչը:

««Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրինագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 30-ի արտահերթ նիստում և ստացել դրական եզրակացություն: Փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կկազմակերպվի դրա առաջին ընթերցմամբ ընդունումից հետո՝ 24 ժամվա ընթացքում:

  • Կիսվել: