Քիչ է մնում գրեք. դահիճը առողջ է, զոհը՝ վերակենդանացման բաժանմունքում. Աշոտյան
Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանի առողջության կտրուկ վատթարացման և կյանքին սպառնացող բարդությունների լուրերի ֆոնին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ «վարչապետը կատարյալ առողջ է եւ չունի առողջական որեւէ խնդիր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Իհարկե, առողջություն պետք է մաղթել բոլորին, բայց մի քիչ տակտ ունեցեք գոնե այս պահին:
Քիչ է մնում գրեք. դահիճը առողջ է, զոհը՝ վերակենդանացման բաժանմունքում...
Առողջություն և ուժ գեներալին»:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում հունվարի 12-ին անցել է հերթական ընդհանուր բուժզննում:
ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել են. «Ի պատասխան Ձեր հարցման տեղեկացնում ենք, որ ս/թ հունվարի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում անցել է հերթական ընդհանուր բուժզննում: Համապարփակ բուժզննումը արձանագրել է, որ վարչապետը կատարյալ առողջ է եւ չունի առողջական որեւէ խնդիր»,-հայտնեցին վարչությունից:
Նշենք նաև, որ այսօր «Նաիրի» ԲԿ-ից ՀՀ դատախազություն գրություն է ստացվել ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ։ «Նաիրի» ԲԿ-ից դատախազություն ուղարկված գրության մեջ ասվում է. «Հիվանդի վիճակը գնահատվել է կայուն միջին ծանրության։ Հիվանդը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ Ներկա պահին հիվանդը վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը գնահատվում է ծանր, խնդրում ենք ձեռք առնել համապատասխան միջոցառումներ»։


