հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են քաղաքաշինության ոլորտում հայ- իրանական համագործակցության հարցեր

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են քաղաքաշինության ոլորտում հայ- իրանական համագործակցության հարցեր

 Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են իրանական առևտրատնտեսական ոլորտի մի խումբ ընկերությունների ներկայացուցիչների։ Քննարկվել են քաղաքաշինության բնագավառում հայ-իրանական համագործակցության հեռանկարները։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, իրանցի գործարարները ներկայացրել են յուրաքանչյուր ընկերության գործունեության ուղղությունները և ցանկություն հայտնել իրացնելու իրենց ներուժը նաև Հայաստանում։

«Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը ողջունել է իրանական ընկերությունների ակտիվությունը՝ հաշվի առնելով Հայաստանում ընթացող մեծածավալ շինարարությունը։

Իրանցի գործարարները ներկայացրել են բնակելի, հասարակական, արտադրական նշանակության շենքերի, ճանապարհների և այլ ենթակառուցվածքների նախագծման ու կառուցման ոլորտում մեծ փորձը՝ ընդգծելով իրենց հետաքրքրվածությունը՝ ներգրավվելու քաղաքաշինական նման ծրագրերում նաև Հայաստանում։ Դիտարկվել են շինարարական կոնստրուկցիաների, արդյունավետ տեխնոլոգիաների կիրառման, շինարարական տարբեր նյութերի արտադրության ստեղծման հնարավորությունները։

Հաշվի առնելով երկու երկրներում սեյսմիկ ռիսկի մակարդակը՝ առանձնահատուկ կարևորվել են նախագծման փուլից սկսած երկրաշարժադիմացկունության ապահովման միջոցառումները։ Անդրադարձ է կատարվել նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար շենքերի մատչելիությունն ապահովող լուծումներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Դավիթ Գրիգորյանը հյուրերի ուշադրությունը հրավիրել է երկրում անցկացվող շինարարական ցուցահանդեսներին, որոնք կարող են լավ հարթակ դառնալ ոլորտի հայաստանյան մասնավոր ընկերությունների հետ գործընկերության հաստատման համար։

Նշվում է, որ կողմերը պայմանավորվել են փոխանակել անհրաժեշտ տեղեկատվություն՝ փոխշահավետ համագործակցություն սկսելու նպատակով։

  • Կիսվել: