Քաղաքացիների շրջանում ակտիվորեն տարածվում է, թե կորոնավիրուսն իրականում բլեֆ է․ Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կրկին արձանագրվել է կորոնավիրուսի 100-ից ավելի դեպք։
«Երեկ նորից արձանագրել ենք կորոնավիրուսի 142 նոր դեպք, վերջին շրջանում ունենք ամեն օր 100-ը գերազանցող դեպքեր, այստեղ շատ կարևոր է հասկանալ, թե ինչու է այս ամեն ինչը տեղի ունենում»,- նշեց նա։
Ըստ Նիկոլ Փաշինյանի, բացի շոշափելի և տեխնիկակազմակերպչական հարցերից արձանագրել է մի սոցիալ-հոգեբանական խնդիր։
«Բանն այն է, որ քաղաքացիների շրջանում ակտիվորեն տարածվում է, որ կորոնավիրուս հիվանդությունն իրականում բլեֆ է, գոյություն չունի, սարքած գործ է և այլն։ Իհարկե, ժպիտներից անդին պետք է հասկանալ, թե ինչն է այսպիսի ընկալման պատճառը: Սա ունի կոնկրետ պատճառ: Խնդիրն այն է, որ մենք ունենք մի վիճակ, որ մեր դրական ախտորոշված քաղաքացիների 70 տոկոսից ավելին հիվանդությունն անցնում է ասիմպտոմ: Սա նշանակում է, որ մարդը կամ շատ կարճ ջերմություն է ունեցել, կամ ինքն էլ չի նկատել, որ ջերմություն է ունեցել, բայց թեստ է արվել եւ դրական է ախտորոշվել: Այս պարագայում մարդու համար հիվանդությունն ընդամենը թղթի վրա գրված ախտորոշում է»,- նշեց վարչապետը։
Նրա խոսքով, կան մարդիկ, որոնց մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, հետո մնալով հիվանդանոցում կամ հյուրանոցում, բացասական ախտորոշմամբ դուրս են գրվել ու մինչ օրս չեն հավատում, որ իրենք որևէ հիվանդությամբ հիվանդացել են:
«Մարդուն շատ դժվար է համոզել, որ իրոք խնդիր է ունեցել, քանի դեռ այդ ընտանիքի որևէ անդամ, հիմնականում՝ տարիքով, չի վարակվել, նրա վիճակը չի ծանրացել, ընդհուպ մինչև մահվան դեպք չի գրանցվել: Այս հիվանդությունը շոշափելի կերպով զգում են նրանք, որոնց ընտանիքի անդամները հիվանդանում են, ծայրահեղ ծանրանում կամ հասնում մահվան»,-ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով, այսօր հետագա անելիքների հետ կապված որոշում պիտի կայացնեն. «Մենք պետք է գնանք ոչ թե սահմանափակումներ կիրառելու ճանապարհով, այլ՝ արտակարգ դրության պայմաններում մարդկանց փորձենք համոզել, պարտադրել, որ անհրաժեշտ է պահել անվտանգության որոշակի կանոններ, մենք կրկին չպետք է հետ գնանք փակման ռեժիմների», - ասաց վարչապետը։


