Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Արարատի մարզում
Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը եզակի հնարավորություն է ընձեռում բնակչությանը կրկին հիշեցնելու պաշտպանության և անվտանգության ապահովման կարևորագույն կանոնները, ինչպես նաև անհրաժեշտ պաշտպանական գործողությունները՝ արտակարգ իրավիճակներին արդյունավետ արձագանքելու համար: Այս օրը կարևոր է ոչ միայն մարդկանց իրազեկելու, այլև նրանց պատրաստվածությունն ամրապնդելու տեսանկյունից, որպեսզի անհապաղ և ճիշտ որոշումներ կայացնեն՝ իրենց անվտանգությունը ապահովելու նպատակով։
Թեմատիկ միջոցառումների շրջանակներում, ՆԳՆ Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության ծառայողները կազմակերպել և անց են կացրել «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում ազդարարում և պատսպարում» թեմայով վարժանք Փոքր Վեդի բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցում։ Վարժանքը ընդգրկել է թե՛ տեսական, թե՛ գործնական փուլեր՝ ապահովելով մասնակիցների համալիր պատրաստվածությունը և գործնական հմտություններ ձեռք բերելու հնարավորությունը։
Վարժանքի ընթացքում, ըստ նախատեսված սցենարի, հաղորդում է ստացվել, որ հակառակորդ երկրի սահմանի երկայնքով նկատվել են զորաշարժեր, իսկ սահմանամերձ օդային տարածքում հայտնաբերվել են թռչող անօդաչու սարքեր։ Այսպիսով, հայտարարվել է «Օդային տագնապ», որից հետո իրականացվել է ազդարարում։
Դպրոցի ղեկավարությունը, ստանալով համապատասխան ազդարարումը, Վեդու համայնքապետարանից, անմիջապես սկսել է աշակերտների և անձնակազմի պատսպարումը՝ ապահովելով նրանց անվտանգությունը։ Պատսպարման ավարտից հետո, իրականացվել է տարածքի մանրամասն հետախուզություն, որի ընթացքում հայտնաբերվել է մեկ արգելափակված աշակերտ և երկու տուժած։ Փրկարարները արագորեն տեղափոխել են տուժածներին անվտանգ վայր, որտեղ առաջին օգնություն է ցուցաբերել բժշկական խումբը։
Ուսումնավարժանքի ավարտին՝ ուսումնավարժության ղեկավարն ամփոփել է կատարված աշխատանքները, ներկայացվել են արդյունքները՝ անդրադառնալով ինչպես հաջողություններին, այնպես էլ ի հայտ եկած թերություններին, որոնց վերացման ուղղությամբ տրվել են համապատասխան առաջարկություններ և արձագանքներ։
Միջոցառման տեսական փուլի շրջանակներում աշակերտները ներկայացրել են «Քաղաքացիական պաշտպանության պատմություն» թեմայով պատմական-ուսուցողական ակնարկ, որը նպատակ ուներ լսարանին ծանոթացնել քաղաքացիական պաշտպանության հիմնական միջոցառումներին։
Միջոցառման ընթացքում նաև ցուցադրվել է «Վարքականոններ օդային տագնապի դեպքում» թեմայով տեսաֆիլմ, որը աշակերտներին մանրամասն ներկայացրել է օդային հարձակման դեպքում կիրառվող վարքականոնները։
Այս միջոցառումը ցույց տվեց, որ բնակչության անվտանգության ապահովումը ոչ միայն պահանջում է նախապատրաստվածություն, այլև գործնական հմտություններ՝ անհրաժեշտության դեպքում արագ և արդյունավետ պաշտպանվելու համար։