հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Փրկարարական գործ» մասնագիտության առկա մագիստրատուրայում սովորողների եկամտային հարկը կվերադարձվի

«Փրկարարական գործ» մասնագիտության առկա մագիստրատուրայում սովորողների եկամտային հարկը կվերադարձվի

Ի ուրախություն ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» 2023-2024 ուսումնական տարվա մագիստրոսի կրթական ծրագրի դիմորդների. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի 544-Ն որոշմամբ մագիստրոսի կրթական ծրագրով առկա ուսուցմամբ «Փրկարարական գործ» մասնագիտությամբ ուսանողներին տրվել է աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների մասով եկամտային հարկն ուսման վարձավճարի փոխհատուցմամբ սովորելու հնարավորություն:

ՃԿՊԱ գիտական եւ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկանդուխտ Ղարիբյանի խոսքով, սա նշանակում է, որ ՃԿՊԱ մագիստրատուրայում առկա ուսուցմամբ «Փրկարարական գործ» մասնագիտության ուսանողները հետ են ստանալու իրենց վճարած եկամտային հարկը, զուտ ֆինանսական հարթությունում ՃԿՊԱ մագիստրատուրայում առկա ուսուցմամբ «Փրկարարական գործ» ուսանելը ավելի դյուրին է, քան նախկինում: ՃԿՊԱ-ն մագիստրոսի կրթական ծրագիր է իրականացնում ավելի քան 15 տարի:

Առաջին անգամն է, որ կառավարության որոշման մեջ տեղ է գտնում նաեւ ՃԿՊԱ-ում իրականացվող կրթական ծրագիր:

Ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» 2023-2024 ուսումնական տարվա միջին մասնագիտական, բակալավրի, մագիստրոսի եւ հետբուհական կրթական ծրագրերի ընդունելությունը սկսվել է հունիսի մեկից:

 

  • Կիսվել: