ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Պոլիկլինիկաների վերակազմակերպում, վերազինում ու վերակառուցում. Երևանի քաղաքապետարանի մեծածավալ բարեփոխումներն առողջապահության ոլորտում

Պոլիկլինիկաների վերակազմակերպում, վերազինում ու վերակառուցում. Երևանի քաղաքապետարանի մեծածավալ բարեփոխումներն առողջապահության ոլորտում

Առողջապահության ոլորտում Երևանի քաղաքապետարանն այս տարի նախաձեռնեց մի շարք համակարգային փոփոխություններ: Մայիսին ավագանու որոշմամբ համայնքային 7 պոլիկլինիկա վերակազմակերպվեց: Նպատակը՝ ծառայությունների որակի բարձրացումն է, նոր ծառայությունների ներդրումն ու ֆինանսական առողջացումը:

Բնակիչներին ամենից շատ հուզող հարցը՝ ո˚ւր են իրենք դիմելու, մնալո˚ւ են, արդյոք, ծառայությունները նույն շենքում:

Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը «Արմենպրես»-ում հրավիրված ասուլիսին, խոսելով բարեփոխումների մասին, շտապեց ընդգծել. «Սարի թաղի, Նուբարաշենի, Նորագավիթի, Նորք-Մարաշի պոլիկլինիկաներն իրենց աշխարհագրական դիրքը պահպանելու են, և ծառայության տեղափոխում չի քննարկվում: Ավելին, այս տարի Նորք-Մարաշ վարչական շրջանի պոլիկլինիկայում, որը միացավ 4-րդ պոլիկլինիկային, կսկսենք հիմնանորոգման աշխատանքները, հետագայում նաև ամբողջությամբ կվերազինվի: Այսինքն, բնակիչները, որտեղ որ սովոր են, նույն տեղն էլ այցելելու են: Թիվ 1 և «Արաբկիր» մանկական պոլիկլինիկաների առումով, հաշվի առնելով շենքային պայմանները, կա քննարկում՝ ծառայությունը մեկ այլ վայր տեղափոխելու համար: Բայց դա որոշում կդառնա այն դեպքում, եթե մենք թե՛ գործող պոլիկլինիկայի սպասարկած բնակչությանը, թե՛ բուժանձնակազմին ավելի լավ պայմաններ առաջարկենք մեկ այլ տեղում»:

Միավորման հետևանքով բուժաշխատողների կրճատում չի լինի: Քաղաքապետարանը մտադիր է առողջապահության նախարարության հետ քննարկել բուժաշխատողների աշխատավարձի դրույքաչափերի փոփոխությունը:

Անդրադառնալով ընդհանուր կադրային քաղաքականությանն ու նաև վերջերս Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի տնօրենի ազատմանը՝ Գևորգ Սիմոնյանը նշեց. «Կարծում ենք, որ նույն մարդը նույն տեղում պետք է երկար չկառավարի, որովհետև դա բերում է մի շարք օբյեկտիվ բացասական հետևանքների: Այդ իսկ պատճառով պոլիկլինիկայի տնօրենին առաջարկվել է մեկ այլ աշխատանք, ինչից նա հրաժարվել է»:

Քաղաքացիներին հետաքրքրում է նաև պոլիկլինիկաների փակվող շենքերի հետագա կարգավիճակը. փոխքաղաքապետը հավաստիացնում է՝ ցանկացած լուծում հանրայնացվելու է, քննարկվելու, ծածուկ ոչինչն չի արվելու:

«Շենքերի «ճակատագիրը» գտնվում է ավագանու լիազորությունների շրջանակում: Եթե դրանց շուրջ ծավալվի որևէ քննարկում, ապա ցանկացած որոշում հաստատվելու է ավագանու որոշմամբ: Մտավախությունը, թե ծածկում կամ ստվերային գործարք կարող է լինել, ես բացառում եմ»,- նշեց Գևորգ Սիմոնյանը:

Մյուս պոլիկլինիակների առումով՝ փոխքաղաքապետը նշում է. մեկ-երկու խոշորացում հնարավոր է, բայց որոշումը դեռ վերջնական չէ:

Ոլորտում բարեփոխումները քաղաքացիների համար պետք է նկատելի լինեն առաջին հերթին շենքային պայմաններից: Ամբողջությամբ կհիմնանորոգվեն Ավանի և Նորք-Մարաշի պոլիկլինիկաները: Հաջորդ տարի կվերակառուցվի ևս 5-ը: Մյուս կարևոր խնդիրը խորհրդային շրջանից ժառանգություն մնացած սարքավորումներն են: Մինչև տարվերջ կփոխարինվեն բոլոր չափիչ սարքերը՝ կշեռքներ, ջերմաչափեր:

«Այս տարի Երևանի քաղաքապետարանը 230 մլն դրամ է նախատեսել բուժսարքավորումներ և պարագաներ ձեռք բերելու համար: Մինչև տարեվերջ պոլիկլինիկաների համար ձեռք կբերվի 8 նոր՝ թվային ռենտգեն, ուլտրաձայնային հետազոտության 8 սարքավորում, ինչի շնորհիվ մենք այլևս չենք ունենա մեր առաջնային օղակում խորհրդային շրջանից ժառանգած սարքեր: Այդպիսով՝ ամբողջությամբ ժամանակակից ախտորոշման պայմաններ կստեղծվեն»,-հավաստիացրեց փոխքաղաքապետը:

Պոլիկլինիկաներում հերթերը նվազեցնելու համար սկսվել է բժշկական քարտերի և մատյանների թվայնացման գործընթացը: Պոլիկլինիկաները պատրաստ են արդեն նաև հուլիսի 1-ից սահմանված կարգով ուժի մեջ մտած անկանխիկ գործարքներով սպասարկմանը:
«Կարող ենք փաստել, որ այս ծավալի կապիտալ ներդրումներ քաղաքի առողջապահության համակարգում չի եղել: Մեր ռազմավարության վերջնանպատակն է՝ քաղաքացիների շրջանում վերականգնել հավատը Երևանի պոլիկլինիկաների հանդեպ: Որովհետև վերջին տարիներին, մասնավոր կենտրոնների բացմանը զուգընթաց, քաղաքացիների արտահոսք կա, ինչը օբյեկտիվ է»,-ընդգծեց քաղաքապետի տեղակալը:

Ամբողջությամբ վերակառուցված, վերազինված՝ բարեփոխումներից հետո պոլիկլինիկաները ոչ միայն կթեթևացնեն խոշոր բուժկենտրոնների բեռը, այլև կդառնան մրցունակ: Քաղաքապետարանը մտադիր է հետագայում բրենդավորել պոլիկլինիկաները:

  • Կիսվել: