կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Փոխգնդապետ Մանվել Կարապետյանը հետմահու արժանացել է ԱՀ «Մարտական խաչ» երրորդ աստիճանի շքանշանի

Փոխգնդապետ Մանվել Կարապետյանը հետմահու արժանացել է ԱՀ «Մարտական խաչ» երրորդ աստիճանի շքանշանի

ԱՀ նախագահի հրամանագրով՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի երրորդ հրաձգային գումարտակի հրամանատար փոխգնդապետ Մանվել Կարապետյանը հետմահու արժանացել է «Մարտական խաչ» երրորդ աստիճանի շքանշանի:

Բարձր պարգևը փոխգնդապետի ծնողներին ու կնոջը մարտի 24-ին հանձնեց Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը:
 
Գումարտակի հրամանատար փոխգնդապետ Մանվել Արծրունու Կարապետյանը ծնվել է 1988 թվականին Շիրակի մարզի Զույգաղբյուր գյուղում։ Վազգեն Սարգսյանի անվ. ռազմական իստիտուտն ավարտելուց հետո 2009 թվականին ծառայության է անցել Արցախում և մինչև կյանքի վերջը ծառայել այնտեղ։ Մասնակցել է Ապրիլյան պատերազմին։
 
31-ամյա փոխգնդապետը, ծնողների խոսքով, ծնված էր հայրենիքի պաշտպան լինելու համար: «Նրա համար զինվորներն ամենակարևորն էին: Նրան իր զինվորների կողքից հետ չէին պահում նաև 3 ու 5-ամյա դուստրերը: Այնքան սիրեց Արցախի հողը, որ երիտասարդ կնոջն էլ իր հետ տարավ այնտեղ: Մանվելը և Վիկտորիան ամուսնացել են 2014 թվականի նոյեմբերին, հարսանիքից մեկ ամիս անց տեղափոխվել են Արցախ, քանի որ Մանվելի ծառայությունն այնտեղ էր»,- «Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցի ժամանակ ասաց հերոսի հայրը՝ Արծրուն Կարապետյանը: «Մանվելը գումարտակի հրամանատար էր, շատ հարգված մարդ, ես հպարտ էի, որ իր նման մարդ կար իմ կողքին»,- նշում է Մանվել Կարապետյանի այրին՝ Վիկտորիա Հովհաննիսյանը:
 
«Մանվելն այդ ժամանակ արդեն 5 տարի Թալիշում էր ծառայում: Շատ խելացի, գրագետ տղա էր, ինձ իր մեջ հենց գրագիտությունն էր գրավել: Միասին այնտեղ ապրել ենք մինչև քառօրյա պատերազմը: Այդ ժամանակ մեծ աղջիկս ծնվել էր, նրա հետ եկա Հայաստան, սակայն 8 ամիս անց կրկին տեղափոխվեցինք Արցախ, բայց արդեն՝ Մատաղիս: 2018 թվականին էլ ծնվեց մեր երկրորդ բալիկը, էլի աղջիկ: Առաջին անգամ, որ գնացի Թալիշ, ամբողջն ավերակներ էր, այնքան էլ հաջող տուն չէր, բայց լիարժեք էր թվում, քանի որ մենք իրար հետ էինք»,- նշեց կինը:
 
Փոխգնդապետն անմահացավ Արցախում, որին իր կյանքի 12 տարիներն էր նվիրել, զոհվեց սեպտեմբերի 28-ին Թալիշում՝  դիպուկահարի կրակոցից:  

  • Կիսվել: