շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Պլանավորվում է քաղաքացիների մոտ կորոնավիրուսի հակամարմինների առկայության հետազոտություն անցկացնել․ նախարար

Պլանավորվում է քաղաքացիների մոտ կորոնավիրուսի հակամարմինների առկայության հետազոտություն անցկացնել․ նախարար

Հայաստանում պլանավորվում է անցկացնել հետազոտություն, որը ցույց կտա քաղաքացիների մոտ կորոնավիրուսի հակամարմինների առկայությունը եւ, հետեւաբար, որոշակի պատկերացում կտա երկրում COVID-19-ի տարածման աստիճանի վերաբերյալ։ Այս մասին այսօր «Ազատության» ուղիղ եթերում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա նշեց, որ  Հայաստանի Ամերիկյան համալսարանի հասարակական առողջապահության ֆակուլտետի մասնագետների հետ համատեղ այժմ աշխատանքներ են տարվում հետազոտության դիզայնի ստեղծման ուղղությամբ, որի նպատակն է որոշել Հայաստանում վիրուսի տարածման աստիճանները եւ մարդկանց մոտ իմունիտետի առկայությունը՝ իմունոգլոբուլինների անալիզների միջոցով։ Նախարարի խոսքով՝ դրանք հատուկ հակամարմիններ են, որոնք արյան մեջ ձեւավորվում են ի պատասխան կորոնավիրուսով վարակման։ Այդպիսի հետազոտության անցկացման համար, ըստ Թորոսյանի, կպահանջվի ըստ սեռի, տարիքի եւ աշխարհագրական դիրքի մարդկանց ճիշտ ընտրություն։

Նախարարը նշեց. «Ներկայում այդպիսի թեսթեր Հայաստանում չկան։ Աշխարհում քիչ տեղեր կան, որտեղ դրանք արտադրվում են, խոսքը իմունոգլոբուլինների (կորոնավիրուսի հանդեպ) որոշման թեսթերի մասին է։ Մենք այժմ բանակցություններ ենք վարում մեր մատակարարների հետ, որպեսզի ներկրենք այդպիսի թեսթեր այդ հետազոտության անցկացման համար»:

Թորոսյանը չբացառեց, որ հետազոտությունից հետո հակամարմինների որոշման թեսթերը կիրառվեն նաեւ պրակտիկ բժշկության մեջ և ոչ թե միայն հետազոտական նպատակներով։

  • Կիսվել: