Փետրվարին ստացված տվյալներով օդի որակը լավ վիճակում է
Երևանում օդի աղտոտվածության ցուցանիշները 2026-ի փետրվարին նվազել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ գտնվելով լավ կամ չափավոր միջակայքում։ Այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանը մարտի 16-ի գործակարգավարական նիստի ժամանակ:
«Երևան քաղաքի շինհրապարակներում տեղադրված օդի մոնիտորինգի 188 սարքերից ստացված տվյալներով, 2026-ի փետրվար ամսվա միջինացված տվյալներով PM 2.5-ի արժեքը կազմել է 95, իսկ PM 10-ի համար կազմել է 47: Այս արժեքները գտնվում են լավ կամ չափավոր միջակայքերում։ Համեմատության համար նշեմ, որ 2025-ի փետրվար ամսին տեղադրված է եղել 167 սարքավորում, PM 2.5-ի համար արժեքները եղել են 109, իսկ PM 10-ի համար 51»,- ասաց Ավետիսյանը։
Ըստ Ավետիսյանի՝ ցուցանիշների նվազումը պայմանավորված է օդերևութաբանական պայմաններով, ինչը փաստում է, որ մարդածին աղտոտման աղբյուրները փոքր դեր ունեն ընդհանուր պատճառների մեջ։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը պարզաբանեց, որ Երևանում և Արարատյան գոգավորությունում օդի որակը նոյեմբերից մարտ ամիսների ընթացքում մեծամասամբ պայմանավորված է մթնոլորտային առաստաղի բարձրությամբ:
«Այսինքն, սա ուղղակիորեն բնակլիմայական երևույթ է: Այդ շրջանում մեր մթնոլորտային շերտը իջնում է 1200 մետրից մինչև 80-100 մետր, և փաստացի բոլոր աղտոտումները, որոնք առկա են եղել այդ 1200 մետրի վրա, խտանում են 80 և 100 մետրի վրա և սա տեղի է ունենում ոչ միայն Երևանում, սա տեղի է ունենում ամբողջ Արարատյան դաշտավայրում, Վեդիում, Արտաշատում, Թուրքիայի տարածքներում և պայմանավորված են մեր աշխարհագրական դիրքով և բնակլիմայական պայմաններով»,- ասաց քաղաքապետը։
Ըստ Ավինյանի՝ ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ մթնոլորտային շերտը բարձրանում է մինչև 2000 մետր, ինչի հետևանքով աղտոտման մակարդակը նվազում է՝ չնայած շինարարության և երթևեկության ակտիվությանը։ Քաղաքապետը հավելեց, որ քաղաքապետարանը հրապարակում է բաց տվյալներ և կանխատեսումներ՝ բնակլիմայական պայմաններով պայմանավորված օդի պոտենցիալ վատթարացումների մասին բնակչությանը տեղեկացնելու համար։


