Պետք է տխրեցնեմ՝ բոլոր սուր շնչառական վարակներն աշնանն ակտիվանում են. Թորոսյան
«Նման բան չկա, դա հերթական միֆ է»,- այսպես արձագանքեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հարցին, թե արդյոք հանրային վայրերում անընդհատ դիմակ կրելը չի հանգեցնում առողջական խնդիրների:
«Կարող են լինել կոնկրետ մարդիկ, որոնք հակացուցում ունեն, դրա մասին չէ խոսքը: Բայց սովորական քաղաքացիների մոտ դա թթվածնային քաղցի չի բերում, քանի որ թթվածինը միևնույնն է դիմակով անցնում է թոքեր»,- ասաց նա։
Նախարարը նշեց նաև, որ լավ դիմակի էֆեկտիվ կրումը բերում է վարակի տարածման անկման։
«Հաշվարկներ, ետազոտություններ կարող են լինել, բայց երկրի թվերի վրա հաշվարկներ անելը շատ դժվար է, քանի որ այդ «լավ»-ն ու «էֆեկտիվ»-ը չես կարող չափել: Եթե ենթադրենք, որ բոլորը կրում են դիմակ և ճիշտ են կրում, ապա կարող եմ ասել, որ յոթ օր հետո մեզ մոտ էական անկում կգնա: 100 տոկոս ճիշտ դիմակը՝ եռաշերտ, անջրաթափանց դիմակն է, որը բերում է վերարտադրողական ցուցանիշի մեկից իջեցման: Դա նշանակում է, որ 10 մարդը վարակում է 9-ի, 9-ը՝ 8-ի, 8-ը՝ 7-ի, և էդպես շարունակ: Եվ հակառակը, եթե ճիշտ չես կրում, այդ ցուցանիշը մնում է մեկից բարձր: Օրինակ, հիմա մեր գնահատականներով, մերը տատանվում է 1.2-1.3-ի շրջանակում, որը բարձր է, նշանակում է տարածվում է դեռ վարակը: Մեզ անհրաժեշտ է բոլորով այդ ցուցանիշն իջեցնել 1-ից ներքեւ: Բայց դրա չափելը պրակտիկորեն անհնար է»,- պարզաբանեց նախարարը։
Հարցին, թե ինչու են խորհուրդ տրվում տանը պատրաստված դիմակներ, եթե դրանց էֆեկտիվությունը հայտնի չէ, Արսեն Թորոսյանն ասաց, որ դրանց բացակայությունը ավելի վատ է, քան՝ գոնե այդպիսի դիմակի առկայությունը:
Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե արդյոք ասիմպտոմ վարակակիրները կարող են կորոնավիրուսով վարակել մյուսներին, նախարարը նախ նշեց, որ կորոնավիրուսի վերաբերյալ կան բազմաթիվ անորոշություններ:
«Օրինակ՝ մենք ասիմպտոմ պացիենտ ենք ունեցել, որն իր հետ նույն սենյակում ապրող մարդուն չի վարակել և ունեցել ենք ասիմպտոմ պացիենտ, որը վարակել է: Հետևաբար, երկու տարբերակն էլ հնարավոր են: Սակայն ասել, թե ասիմպտոմ հիվանդները համաճարակաբանական առումով ինչքան կարևոր են տարածման առումով, այդ հարցում աշխարհում ակադեմիական մեծ բանավեճ կա: Եղել են հետազոտություներ, ըստ որի, այդքան էլ կարևոր չեն, պետք է կենտրոնանալ սիմպտոմ ունեցողների վրա և եղել են հետազոտություններ, որոնց համաձայն, տարածման 50 տոկոսի մեղավորն ասիմպտոմներն են, որոնք չգիտեն իրենց՝ վարակված լինելու մասին»,- նշեց նա։
Հարցին, թե երբ կարո՞ղ են խոսել վիրուսի նահանջի մասին, Արսեն Թորոսյանը նշեց, որ կանխատեսումներն անելն անշնորհակալ գործ է։
Դիտարկմանը, թե որոշ գնահատականներով, աշնանը հնարավոր է կորոնավիրուսի անկում լինի, ինչին ի պատասխան Արսեն Թորոսյանն ասաց՝ պետք է տխրեցնի, քանի որ բոլոր սուր շնչառական վարակներն աշնանն ակտիվանում են։
«Կախված եղանակային պայմաններից` տարբեր երկրներում սուր շնչառական վարակներն ակտիվանում են աշնան սկզբին կամ վերջին։ Մեզ մոտ նոյեմբերի վերջին են հիմնականում դրանք ակտիվանում։ Այդ շրջանում մարդիկ ավելի շատ են մնում տներում, փակ տարածքներում՝ չօդափոխելով սենյակները, ինչն էլ ավտոմատ բերում է վարակի տարածման»,- ասաց Արսեն Թորոսյանը։
Նրա խոսքով, նույնիսկ վարակը հաղթահարած երկրների մոտ ձմեռային սեզոնին կորոնավիրուսի տարածման վտանգը մնում է։
«Նաև այդ պատճառով է, որ առողջապահական համակարգի հզորությունները զարգացնելիս հաշվի չենք առնում միայն այս պահի կարիքը։ Մենք էլ են պատրաստվում աշնանը, չնայած հիմա էլ խնդիրներ ունենք»,- նշեց նախարարը։
Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ Հայաստանը կորոնավիրուսի շրջանակներում ի՞նչ աջակցություն է ստանալու այլ երկրներից, Արսեն Թորոսյանը պատասխանեց. «Տարատեսակ՝ սկսած մասնագիտական զուտ կազմակերպչական առումով, վերջացրած աշխատող բժիշկների։ Վաղն ունենք 10 բժշկի այց հատուկ չվերթով Ֆրանսիայից, Լիտվիայի կառավարությունն է մեզ պատրաստ օգնել, հավանաբար մյուս շաբաթ կայցելեն։ ՌԴ-ից էլ մոտ հիսուն մասնագետ ցանկացել է օգնել և կրկին կայցելեն, նաև ԱՀԿ-ի եվրոպական գրասենյակի հետ ենք բանակցությունների մեջ երկու տարբեր ուղղություններով»։


