շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Պետական գույքը չնչին գնով դարձել է Երվանդ Զախարյանի որդու հետ փոխկապակցված անձի սեփականությունը. Hetq.am

Պետական գույքը չնչին գնով դարձել է Երվանդ Զախարյանի որդու հետ փոխկապակցված անձի սեփականությունը. Hetq.am

Երևան քաղաքի Բուզանդի փողոցում գտնվող պետական գույքը 2018թ.–ին դարձել է Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի որդու, նախկին դատավոր Արտակ Զախարյանի հետ փոխկապակցված անձի սեփականությունը։ Օտարումից հետո տարածքում գործում է «Պրեմիում Կրեդիտ» վարկային կազմակերպությունը, որի խորհրդի նախագահը նույն Արտակ Զախարյանն է։

Կառավարության 2018 թ.-ի որոշմամբ Բուզանդի ⅓ հասցեի ընդհանուր 313 քմ մակերեսով պետական գույքերը 78 մլն դրամով ուղղակի վաճառքով օտարվել են քաղաքացի Հովհաննես Երանոսյանին։ Մինչ օտարման պահը Երանոսյանը տարածքը պետությունից վարձակալում էր։ Այսօր այդ հասցեում գործում է «Պրեմիում Կրեդիտ» վարկային կազմակերպությունը (ՈւՎԿ ՓԲԸ)։

ՈւՎԿ-ի խորհրդի նախագահ Արտակ Զախարյանը 2008-14 թվականներին աշխատել է որպես դատավոր, նրա հայրը երկար տարիներ պետական բարձր պաշտոններ զբաղեցրած Երվանդ Զախարյանն է։ Վարկային կազմակերպության ծանրակշիռ մասնակիցը՝ 100 % բաժնետոմսերին տիրապետողը Վարդան Կոպյանն է` 2013 թ.-ից մինչ օրս Արտակ Զախարյանին պատկանող «Արգալի Գրուպ» ՍՊԸ–ի տնօրենը։ 2005-ից 2013 թվականն ընկերության տնօրենի պաշտոնը զբաղեցրել է Հովհաննես Երանոսյանը, որը սկզբում վարձել է պետական գույքը, ապա` գնել։

 

 

Կադաստրից ստացված տեղեկության համաձայն՝ Երևանի Բուզանդի ⅓ շենքի 1 և 2 շինությունները Հովհաննես Երանոսյանը 2018 թ.-ին գնել և գրավ է դրել։ Առաջին շինությունը Երանոսյանը գնել է 63 մլն 306 հազար դրամով, երկրորդ շինությունը՝ 15 միլիոն 160 հազար դրամով։ Հասարակական նշանակության երկու շինությունները միասին գնահատվել են 78 մլն 467 հազար դրամ։ 313 քմ մակերեսով գույքերի 1 քմ–ն գնահատվել է ընդամենը 250 հազար դրամ։ Կադաստրի կոմիտեն հասարակական նշանակության գույքերի արժեքների վերաբերյալ վերլուծություն չի հրապարակում։ Պարզապես կարող ենք նշել, որ 1քմ/250 հազար դրամ արժեքն ավելի ցածր է Երևանի կենտրոնում գործարքի պահին բնակարանների 1քմ-ի արժեքից։ Կենտրոնում բնակարանի 1 քմ–ի միջին գինը 2018 թ.-ի հունվարին կազմել է 485 հազար դրամ։

 

 

Անշարժ գույքի գործարքը քրեական գործի տեսքով քննվում է Քննչական կոմիտեում։ Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ օրենքի խախտումներով գույքն օտարվել է կադաստրային արժեքից զգալի չափով պակաս գնով: Ըստ դատախազության` «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի պաշտոնյան գույքերը գնահատել է առանց տարածքը զննելու, իսկ շուկայական արժեքը որոշվել է Երևանի կենտրոնում բնակարանների 1 քառակուսի մետրի միջինացված արժեքով։ Քրեական գործը հարուցվել է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով (Քր.օր. 308-րդ հոդվածի 1-ի մաս և 314-րդ հոդված): Քրեական գործով դատավարական կարգավիճակ ունեցող անձինք չկան։

  • Կիսվել: