ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Պատերազմից հետո 300 հայ և ադրբեջանցի դեռևս անհետ կորած են համարվում. ԿԽՄԿ

Պատերազմից հետո 300 հայ և ադրբեջանցի դեռևս անհետ կորած են համարվում. ԿԽՄԿ

2020-ին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններից հետո մոտ 300 մարդ դեռևս անհետ կորած է համարվում (հայեր և ադրբեջանցիներ)։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հոդված է հրապարակել՝ անդրադառնալով հետպատերազմական իրավիճակում արվող աշխատանքներին և դրանց արդյունքներին։
 

«Շուրջ 300 մարդ դեռևս անհայտ կորած է համարվում Ղարաբաղյան հակամարտության սրման հետևանքով։ 2020թ. նոյեմբերին հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման պահից հետո հայտնաբերվել են ավելի քան 1700 մարդու մասունքներ։ Դրանից հետո սկսվել է մասունքների նույնականացման և նրանց ընտանիքներին վերադարձնելու գործընթացը»,-ասվում է ԿԽՄԿ-ի հայտարարության մեջ:

Նշվում է, որ ԿԽՄԿ-ն ռուս խաղաղապահների հետ համատեղ աջակցել է աճյունների որոնման աշխատանքների անցկացմանը՝ տեղական փրկարարական խմբերին աջակցելով։
 
 
ԿԽՄԿ-ի ականների, պատերազմի պայթյունավտանգ մնացորդների և հրաձգային զենքի տարածաշրջանային մասնագետների ղեկավար Քրիստոֆեր Փուլը հայտնել է, որ փրկարարական խմբերի աշխատանքի պայմանները չափազանց վտանգավոր են, քանի որ տեղանքը ականներով և չպայթած զինամթերքով է լեցուն։ Դրան գումարվում են նաև եղանակային պայմանները՝ ձմռանը տեսանելիությունը գրեթե զրոյի է հասնում:
 

«Մարդկանց մասունքները հանելու համար փրկարարական թիմերը մահացու վտանգի առաջ են կանգնում։ Խոսքը ոչ միայն մասունքների հետ «արժանապատիվ վերաբերմունքի», այլև նրանց հետ անվտանգ վարվելու մասին է»,-ասել է Փուլը։

Նշվում է նաև, որ ավելի քան 4500 հայ և ադրբեջանցի անհետ կորած ենհամարվում 1990-ականների հակամարտության հետևանքով:
 
 

  • Կիսվել: