կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Փակվելու մասին խոսք չկա. Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն՝ կոնսերվատորիայի փակվելու լուրերի մասին

Փակվելու մասին խոսք չկա. Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն՝ կոնսերվատորիայի փակվելու լուրերի մասին

Կոնսերվատորիայի փակվելու մասին խոսք չկա: Հայտնել են Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից՝ արձագանքելով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փակման, շենքի վաճառքի ու տեղում հյուրանոցի գործարկման լուրերին:

«Կա կրթական ու գիտահետազոտական կազմակերպությունների միավորմամբ խոշորացման և Ակադեմիական քաղաքում տեղակայման ծրագիր, բայց թե հատկապես որ հաստատություններն են միավորվելու, խոշորանալու, դեռ պետք է քննարկել»,- հայտնում են Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից։

Ինչ վերաբերում է Կոնսերվատորիայի շենքին ու, ընդհանրապես, մյուս շինություններին, որոնք Ակադեմիական քաղաքը կառուցելուց հետո՝ կարող են ազատվել, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահը հիշեցրել է Կառավարության հանձնարարականի մասին:

«Շենքի վաճառքի վերաբերյալ, առհասարակ շենքային խոսակցություններին վերջ տալու համար նաև Կառավարության կողմից կա հստակ հանձնարակական՝ կազմակերպել ազատված գույքի մենեջմենթի մեխանիզմ, այդ թվում՝ վարձելով համապատասխան միջազգային փորձ ու այդ հայեցակարգը մշակելու ընդունակ փորձագետներ, որ այն գույքը, որ ազատվում է քաղաքում, այդ գույքի օգտագործումը բերի համապատասխան եկամուտներ, Ակադեմիական քաղաքին՝ առանց օտարման և առանց վաճառքի: Այսինքն՝ ընդամենը գույքի մենեջմենթի խնդիր է դրվում, թե ինչ մեխանիզմով է կառավարվելու քաղաքում ազատվող, որ մաքսիմալ արդյունավետ, մեծ եկամուտով աշխատի և ուղղվի Ակադեմիական քաղաքի հետագա զարգացմանը և ծրագրերին, բայց ոչ կառուցմանը: Ժամանակագրական խեղում էլ կա, մարդիկ ասում են՝ այդ գույքի հաշվին է Ակադեմիական քաղաքը կառուցվելու: Այդպիսի բան չկա»,-  ասել է ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահՍարգիս Հայոցյան։ 

  • Կիսվել: