Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող անչափահաս եղբայրների քույրն ու եղբայրը տեղափոխվել են ՀՕՖ
Երևանում ոստիկանի սպանության մեջ մեղադրվող անչափահաս եղբայրների քույրն ու եղբայրը տեղափոխվել են «Երեխաների աջակցության կենտրոն» (ՀՕՖ) և հաճախում են դպրոց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը:
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Երկու ամիս առաջ անչափահաս եղբայրների կողմից Երևանում ոստիկանի սպանության դեպքից հետո, հայտնի դարձավ նաև նրանց ընտանիքի պատմությունը: Պարզվեց՝ ընտանիքում կա ևս երկու անչափահաս. տեսանյութում երևում է, որ 9 տարեկան Նորայրը և 12 տարեկան Գոհարն ապրում են ծայրահեղ վատ պայմաններում, չեն հաճախում դպրոց և իրենց ուժերից վեր տնային աշխատանք են կատարում:
Երեխաների սոցիալական իրավունքների պաշտպանության հարցում պետական մարմնի ձեռնարկած քայլերի մասին տեղեկանալու համար, դիմել էի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Կարծում եմ բոլորի համար է կարևոր իմանալ, որ այժմ երեխաների խնամքն իրականացվում է «Երեխաների աջակցության կենտրոնում» (ՀՕՖ) և նրանք հաճախում են դպրոց:
Անչափահասների հանդեպ կամ նրանց կողմից գործած հանցագործություններից պաշտպանության միակ ճանապարհը՝ երեխաների սոցիալական իրավունքների պաշտպանությունն է»:
Հիշեցնենք, որ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկանները հոկտեմբերի 16-ի գիշերը հետապնդելով Ազատության պողոտայում բռնել էին իրենց նկատած ու փախուստի դիմած, 2003 և 2001 թվականներին ծնված 2 եղբայրներին: Նրանցից մեկը խլել էր ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակելով սպանել 38-ամյա ոստիկան Տիգրան Առաքելյանին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 104-րդ հոդվածի 1-ին մասով: