կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ողջ մնացած երեխաների մասին շատ հավաստի ինֆորմացիաներ կան. Անդրանիկ Քոչարյանը՝ անհետ կորած զինծառայողների ծնողներին

Ողջ մնացած երեխաների մասին շատ հավաստի ինֆորմացիաներ կան. Անդրանիկ Քոչարյանը՝ անհետ կորած զինծառայողների ծնողներին

Ողջ մնացած երեխաների մասին շատ հավաստի ինֆորմացիաներ կան։ Այս մասին ՊՆ-ի մոտ անհետ կորած զինծառայողների հարազատներին հայտնեց իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

«Եկել է նոր նախարար: ՌԴ ղեկավարի հետ այս հարցերը քննարկվել են, ունենք այս հարցերի լուծումներին հրատապ հասնելու տարբերակներ, բայց նաև ունենք աննկարագրելի խոչընդոտներ:

Թշնամին լկտիացած է: 30 տարի առաջ այդպես չի եղել: Հիմա լկտիացած են, բայց ոչինչ, մենք մեր հաջորդ հաղթանակը պետք է կերտենք այս ճգնաժամը հաղթահարելուց հետո: Մենք դա անելու ենք»,- ասաց նա:

Հարցին՝ կարող են արդյո՞ք ծնողները մասնակցել որոնողական աշխատանքներին, Քոչարյանն ասաց, որ պետք չէ, դա մի հատ ջունգլի է. «Մի հատ էլ ծնողներին կորցնե՞նք: Դրանով պետք է զբաղվեն իրավասություն ունեցողները՝ Կարմիր Խաչը, ՌԴ ստորաբաժանումները, մեր ստորաբաժանումները, հումանիտար միջազգային կառույցները: Դա բարդ խնդիր է, կլուծենք»:

Ծնողներից մեկը հարցրեց՝ ճիշտ են արդյո՞ք տեղեկությունները, որ զինվորների մի մասն անցել են Իրանի սահմանը, իբր կա 200 գերի:

«Ոչ թե գերի.. ողջ մնացած երեխաների մասին շատ հավաստի ինֆորմացիաներ կան: Նրանց հանելու խնդիրն այստեղ քննարկման խնդիր չէ: Եկեք սա չքննարկենք: Տա Աստված թեկուզ մեկ կյանք փրկենք»,-ասաց նա:

  • Կիսվել: